- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ -2019»-Ի 1-ԻՆ ՓՈՒԼԸ
Մարտ 16, 2019 | 13:01
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ -2019»-Ի 1-ԻՆ ՓՈՒԼԸ
Երևանի պետական համալսարանում այսօր իրենց գիտելիքները փորձարկելու էին եկել 747 դպրոցականներ։
Արդեն տասնմեկ տարի է՝ Երևանի պետական համալսարանը դպրոցականների համար կազմակերպում է օլիմպիադա, որի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, ամրապնդել գիտելիքներն ու կարողությունները, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և նրանց ծանոթացնել իրենց նախընտրած ֆակուլտետներին:
«ԵՊՀ օլիմպիադա»-ն նախաձեռնել և մինչ օրս իրականացնում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:
Ամենամյա օլիմպիադային մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտները, իսկ աշխատանքները համակարգում են ԵՊՀ մարզային ներկայացուցիչները և բուհի դասախոսները:
«ԵՊՀ օլիմպիադա-2019»-ին այս անգամ մասնակցում էին ավագ դպրոցների ինչպես 12-րդ, այնպես էլ 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները: Վերջին փաստն ակնառու է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և այն դպրոցների պարագայում, որոնցում օտար լեզուն գերմաներենն է:
Այս տարի «ԵՊՀ օլիմպիադա»-ին ՀՀ բոլոր մարզերից և Երևանի դպրոցներից հայտագրվել էին 2732 դպրոցականներ:
ԵՊՀ-ում անցկացվող օլիմպիադային աշակերտներն իրենց ուժերը փորձեցին հանրակրթական 13 առարկաների մրցույթներում (Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Հայ ժողովրդի պատմություն, Հայոց լեզու և գրականություն, Ռուսերեն, Անգլերեն, Գերմաներեն, Ֆրանսերեն, Ստեղծագործական աշխատանք):
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատ հայտադիմումներ եղել են «Հայոց լեզու և գրականություն» (613), «Անգլերեն» (476), «Մաթեմատիկա» (401) առարկաներից, հայտադիմումների քանակով առանձնանում էին նաև «Հայ ժողովրդի պատմություն» (301) և «Կենսաբանություն»(297) առարկաները:
Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից օլիմպիադային կարող էր մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տևողությունը երեք ժամ էր:
Իսկ օլիմպիադայի առարկայական բազմազանությունը պայմանավորված է այն մասնագիտություններով, որոնցով կրթությունն իրականացվում է ԵՊՀ-ում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը նշեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կա օլիմպիադայի հայցորդների թվի աճ, իսկ օլիմպիադաներից ստացած արդյունքը նկատելի է. «Մենք փորձում ենք հայտնաբերել խելացի, բանիմաց շրջանավարտներին և նրանց ուղղորդել դեպի ԵՊՀ: Այս օլիմպիադան կարևոր է ապագա դիմորդների համար, քանի որ նրանք փորձ և հմտություն են ձեռք բերում՝ հետագայում մասնակցելով միջազգային տարբեր օլիմպիադաների»:
Երևանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիներ Անի Պալյանը և Գայանե Վարպետյանը «ԵՊՀ օլիմպիադա»-ում իրենց ուժերը փորձելու են «Աշխարհագրություն» առարկայից:
Ապագա դիմորդների խոսքերով, առարկայի հանդեպ սերը փոխանցվել է իրենց ուսուցչուհուց՝ Ալիսա Խաչատրյանից:
Երևանի թիվ 142 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Սարգսյանը ԵՊՀ-ում է, որպեսզի փորձի իր գիտելիքներն «Անգլերեն» առարկայից:
Միլենան ցանկանում է սովորել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ «Առաջին անգամ եմ ԵՊՀ-ում, մարտական եմ տրամադրված և հույս ունեմ, որ հաղթելու եմ»,- նշեց ապագա դիմորդը:
Իսկ Երևանի թիվ 195 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Գեղամյանը, որն ուժերը փորձելու է «Մաթեմատիկա» առարկայից, պնդում է, որ լարվածությունն իրեն չի խանգարում լավագույնս ներկայանալ։
Արտյոմը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ապագա դիմորդ է:
Տեղեկացնենք, որ դպրոցականների ամենամյա օլիմպիադայի 2-րդ փուլը տեղի է ունենալու մարտի 30-ին ԵՊՀ-ում, որին մասնակցելու են 1-ին փուլի հաղթողները:
Իսկ օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 16-ին ԵՊՀ մեծ դահլիճում, որին ներկա են լինելու ԵՊՀ ղեկավարությունը, ֆակուլտետների դեկանները:
Հարկ է նշել, որ բացի պարգևատրումից՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանալու են ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50%, 40% և 30%։
Անգին Խաչատրյան