- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ
Մայիս 09, 2019 | 13:51
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԸ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում վաղ առավոտյան հավաքվել էին համալսարանականները՝ նշելու մայիսյան տոնակատարությունները:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, ՈՒԽ, ՈՒԳԸ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ավանդույթի համաձայն, այս տարի նույնպես Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան գոյամարտին նվիրված՝ համալսարանի տարածքում գտնվող հուշակոթողների մոտ ծաղիկներ դրեցին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին:
Նշենք, որ Մայիսի 9-ը եռատոն է ողջ հայ ժողովրդի համար: Այս օրը նշվում են Հայրենական պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները:
ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ տարիներ շարունակ, ավանդույթի ուժով, Մայիսի 9-ին միշտ ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհում Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան գոյամարտին նվիրված՝ համալսարանի տարածքում գտնվող հուշակոթողների մոտ: «Շատ կարևոր է հարգել մեր պատմական անցյալը. պետք է հարգել անցյալը, որպեսզի կառուցես լավ ապագա: Մենք մեր ուսանողներին միշտ ներգրավում ենք ազգային նվաճումների գնահատմանը նվիրված միջոցառումներին: Կարևոր է, որ ուսանողներն իրենց հարգանքի տուրքը մատուցեն Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին: Մենք պարտավոր ենք հիշել և մեր սերունդներին փոխանցել այս պատմական հաղթանակները»,- ասաց նա:
Այնուհետև համալսարանականները շարժվեցին դեպի «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի խոսքով, Մայիսի 9-ը մեծ խորհուրդ ունի, և պատմական նշանակությունը չափազանց մեծ է, քանի որ Հայրենական մեծ պատերազմի մասնակից շուրջ 600 հազար հայության շնորհիվ մենք կարողացանք կերտել հաղթանակ, ընդ որում՝ 200 հազար հայ իր մահկանացուն կնքեց մարտադաշտում: «Այս հաղթանակի արդյունքում մենք ունեցանք 64 գեներալ, որոնցից 4-ը՝ մարշալ: Այս հաղթանակը պատմական մեծ նշանակություն ունեցավ Արցախյան հերոսամարտերի հաղթանակների համար: Հայրենական մեծ պատերազմում հաղթած սերնդի ոգով նոր սերունդը հաղթանակի հասնելու ոգևորությամբ շարունակեց հերոսամարտն Արցախում և տարավ փայլուն հաղթանակներ. ազատագրվեց մեր հինավուրց քաղաքը՝ Շուշին: Մայիսյան եռատոնը մենք պարտավոր ենք հիշել և ավանդույթի ուժով հարգել զոհերի հիշատակը»,- ասաց դեկանը:
Համալսարանականների հաջորդ կանգառն արդեն Եռաբլուրն էր. այնտեղ նույնպես ծաղիկներ դրվեցին Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
ԵՊՀ ուսանող Գոհար Ավագյանի խոսքով, Մայիսի 9-ը կարևոր նշանակություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, որին հայ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել, այնուհետև Արցախյան գոյամարտի հաղթանակը և հայոց բանակի ստեղծումը կարող ենք համարել նոր Հայաստանի վերածնունդ: «Ուսանողներիս պարտքն է շարունակել հզոր Հայաստանի կերտման գործընթացը: Մենք պետք է դառնանք այն ամենի կրողը, ինչը ժառանգել ենք, ու փորձենք ավելի զարգացնել և հզորացնել Հայաստանը՝ հիշելով ու հարգանքի տուրք մատուցելով այն զոհերի հիշատակին, որոնք իրենց կյանքի գնով տվեցին մեզ այս հաղթանակները»,- հավելեց նա:
Նադեժդա Տեր-Աբրահամյան