- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵԼ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
Հոկտեմբեր 10, 2022 | 15:43
Ուսանողական
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵԼ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Լաբորատորիայից՝ ՏՏ ոլորտ. կենսաբանների կարիերան անհատական բժշկության ոլորտում» խորագրով:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «BostonGene» ընկերության համագործակցության շրջանակում կազմակերպված հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչները ԵՊՀ ուսանողներին առաջարկեցին աշխատանք՝ կենսատեխնոլոգիաների և անհատականացված բժշկության ոլորտներում:
Ընկերության՝ ուռուցքների մոլեկուլային վերլուծության խմբի ղեկավար, կ.գ.թ. Գեորգի Սագարաձեն ներկայացրեց անհատական բժշկության կարևորությունն ու կիրառելիության առանձնահատկությունները՝ շեշտելով դրա՝ ապագայի տեխնոլոգիա լինելու փաստը:
Միևնույն ժամանակ ներկայացվեցին ընկերության գործունեությունը, մեթոդները, ստորաբաժանումների աշխատանքը, ստացված արդյունքները, ինչպես նաև կարիերա ստեղծելու համար «BostonGene» ընկերության թիմին միանալու առավելություններն ու կենսաբանության ոլորտի մասնագետների աշխատանքի բնույթը:
Հանդիպման ավարտին ուսանողները լրացրին հայտադիմումներ, որպեսզի կարողանան մասնակցել հարցազրույցի և փորձաշրջան անցնելուց հետո ստանան աշխատանքի առաջարկ:
Նշենք, որ «BostonGene» ամերիկյան ՏՏ առողջապահական ընկերությունը Երևանում ունի ինժեներական կենտրոն: Այն մշակում է նորարարական ամպային հարթակ, որն օգնում է ուռուցքաբանին կոնկրետ հիվանդի համար ընտրել համապատասխան թերապիա՝ նրա ուռուցքի, օրգանիզմի եզակի գենետիկական և մոլեկուլային բնութագրերի հիման վրա:
Երկու կառույցների միջև համագործակցության շրջանակում տեղի ունեցած նախորդ միջոցառմանը հնարավոր է ծանոթանալ այստեղ: