- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ
Սեպտեմբեր 08, 2022 | 16:42
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ուսանողներից, ասպիրանտներից և դասախոսներից կազմված խումբը մասնակցել է Ալ-Ֆարաբի ազգային համալսարանում կազմակերպված «Էքստրեմոֆիլ մանրէներ. բազմազանությունը և կենսատեխնոլոգիական հեռանկարները» խորագրով միջազգային ամառային դպրոցին:
Դպրոցը նպատակ ուներ ուսանողներին ծանոթացնելու էքստրեմոֆիլ մանրէների կենսաբանությանն ու կենսատեխնոլոգիայում դրանց կիրառմանն առնչվող արդի հիմնախնդիրներին:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ Հ. Փանոսյանի կարծիքով՝ այսպիսի նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն մասնագիտական գիտելիքների ամրապնդման և համալրման տեսանկյունից, այլև ստեղծում են միջմշակութային երկխոսությունների և ապագայում նոր ծրագրերի իրականացման հնարավորություն։
Հովիկ Փանոսյանը, կարևորելով այսպիսի նախաձեռնությունները, մեզ հետ զրույցում ընդգծեց. «Եթե տարիներ առաջ Հայաստանում գիտությունն առավելապես միջազգային փորձի հիման վրա էր զարգանում, ապա այսօր գիտական աշխարհում մենք կայուն դիրք ենք գրավում։ Ասվածի լավագույն վկայությունն է այն, որ Ալմաթիում կազմակերպված միջազգային ամառային դպրոցի երեք դասախոսություններից մեկը ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ Արմինե Մարգարյանը»:
Ա. Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ ինքը հնարավորություն ունի իր գիտելիքներն ու հմտություններն օտարերկրացի ուսանողներին փոխանցելու։
Անդրադառնալով դասախոսության բովանդակությանը՝ ԵՊՀ դոցենտն ասաց․ «Օտարերկրացի ուսանողներին ներկայացրել եմ մոլեկուլային մեթոդների հետ աշխատանքը՝ փոխանցելով տեսական գիտելիքներ և կատարելով պրակտիկ հետազոտություններ»:
Ա. Մարգարյանը հավելեց, որ ԵՊՀ ուսանողները քաջ ծանոթ են թեմային, քանի որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում կան անհրաժեշտ սարքերը՝ հետազոտություններ իրականացնելու համար:
ԵՊՀ ուսանողներ Րաֆֆի Շահմուրադյանը, Սոնա Հովհաննիսյանը, Մանե Թադևոսյանը և ասպիրանտ Սոնա Նիկոլյանը դպրոցի շրջանակում ներկայացրել են իրենց գիտական հետազոտությունների արդյունքները՝ ստանալով մասնագիտական խորհուրդներ։
Դպրոցի մասնակից Րաֆֆի Շահմուրադյանը, ընդգծելով հետազոտություններ իրականացնող ուսանողների փորձի և գիտելիքների փոխանակման կարևորությունը, նշեց․ «Ես և մի ղազախ ուսանող ուսումնասիրում ենք բիոպլաստիկան: Քննարկումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ իմ փորձնական գիտելիքներն ավելի շատ են: Իմ գիտական ղեկավար Հ. Փանոսյանը նրան խորհուրդներ տվեց՝ ինչպես զարգացնել աշխատանքի փորձնական հատվածը»:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Սոնա Նիկոլյանը հետազոտում է բույսերի և մանրէների հարաբերությունները։ Նրա համար այս ծրագիրը մտահորիզոնն ընդլայնելու, օտարերկրյա գիտական նախասիրություններին ու ազգային առանձնահատկություններին ծանոթանալու հնարավորություն էր:
«Օտարերկրյա դասախոսները, մեծ հետաքրքրությամբ լսելով իմ զեկուցումը, խորհուրդ տվեցին ուսումնասիրելու մանրէի ազդեցությունը բույսի աճի վրա, և ես պատրաստվում եմ իրականացնել այդ հետազոտությունը»,- պատմեց Սոնան:
Դպրոցին մասնակցել են նաև պատվիրակություններ՝ Նորվեգիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից:
Նշենք, որ օգոստոսի 8-18-ն անցկացված ամառային դպրոցը կազմակերպվել էր Բարձրագույն կրթության բնագավառում միջազգային գործակցության նորվեգական կենտրոնի տրամադրած «Մանրէների կենսատեխնոլոգիայի բնագավառում գիտահեն բարձրագույն կրթության կրթական ցանց» դրամաշնորհի շրջանակում: