- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԾ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԻՇՈՒՄ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
Դեկտեմբեր 22, 2022 | 12:27
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԾ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՀԻՇՈՒՄ ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
ԵՊՀ դատական նիստերի դահլիճում պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վաստակաշատ դասախոս, դոցենտ Գևորգ Հովսեփյանի հիշատակին:
Միջոցառման նպատակն էր առաջինկուրսեցիներին ծանոթացնել Գ. Հովսեփյանի կենսագործունեությանը, ծավալած գիտակրթական գործունեությանը, խոսել ֆակուլտետում նրա ունեցած մեծ դերի մասին, նոր սերնդի ուսանողներին փոխանցել նրա կարևորած ազգային, քրիստոնեական և բարոյական արժեքներն ու գաղափարները:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է Գ. Հովսեփյանի կյանքի և գիտամանկավարժական գործունեության կարևորագույն դրվագներին: Նա նշել է, որ Գ. Հովսեփյանի կերպարը` որպես մարդու և դասախոսի, յուրաքանչյուրի հուշերում անխզելիորեն կապված է հայրենիքի և հայրենասիրության գաղափարի հետ:
«Գ. Հովսեփյանի ազգային ու հայրենասիրական գաղափարների առաջին կրողը նրա թոռն էր՝ հերոս Գևորգ Արշակյանը, որը 44-օրյա պատերազմում իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի»,- ընդգծել է Գ. Ղազինյանը:
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, խոսելով Գ. Հովսեփյանի՝ ֆակուլտետի զարգացման գործում ունեցած անգնահատելի դերի մասին, նշել է. «Ուսանողների, գործընկերների, հարազատների հիշողություններում Գ. Հովսեփյանը կմնա որպես հայրենասեր, բարի, ազնիվ և հոգատար ուսուցիչ, որը սերունդներ է կրթել` նրանց մեջ սերմանելով ազգային, բարոյական, քրիստոնեական արժեքներ: Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնն այսօր էլ մեծ պատասխանատվությամբ շարունակում է նրա գործը»:
Միջոցառման ժամանակ հայ իրավունքի կարևորագույն աղբյուրների՝ «Գիրք դատաստանի», «Որոգայթ փառաց», «Կանոնագիրք Հայոց» երկերի վերաբերյալ զեկուցումներ են ներկայացրել իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ Անահիտ Բաբագուլյանը, Գոհար Գասպարյանը, Սերժ Մեսրոպյանը, Աննա Գրիգորյանը և Արտավազդ Սաֆրազյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Գ. Հովսեփյանի ընտանիքի անդամները, ընկերները: Գ. Հովսեփյանի դուստրը՝ Նաիրա Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպման համար, ասաց. «Անչափ հուզված եմ և միաժամանակ հպարտ, որ իրավագիտության ֆակուլտետը, և հատկապես հարազատ ամբիոնը վառ է պահում հայրիկիս հիշատակը և պատվով շարունակում նրա գործը»:
Ելույթ ունեցողները ողջունելի են համարել նախաձեռնությունը, շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպան գաղափարի հեղինակ, ամբիոնի դասախոս Ռոզա Աբաջյանին և կարևորել են հետագայում նմանօրինակ գիտաժողովներ նախաձեռնելու անհրաժեշտությունը: