- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Դեկտեմբեր 02, 2022 | 16:45
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
Սեմինարի շրջանակում Ալ. Գոլուբովը ներկայացրեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիան, ինչպես նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ նախատեսվող ծրագրերը:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, ֆ.մ.գ.թ. Ռազմիկ Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով պլանավորված փոխգործակցությանը, նշեց. «Համագործակցության շրջանակում նախատեսվում է ստեղծել մագիստրոսական և ասպիրանտական համատեղ ծրագրեր, որոնց շրջանակում ուսումնառուներին հնարավորություն կտրվի կրթություն ստանալու և՛ ԵՊՀ-ում, և՛ արտասահմանյան բուհերում: Ներկայացված զեկուցումը միտված էր ի ցույց դնելու մագիստրոսական ծրագրերի համար առաջարկվող թեմաները: ԵՊՀ-ն ունի անհրաժեշտ ներուժը, և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը կարևորում է ֆիզիկայի ֆակուլտետի փոխանցած առանցքային գիտելիքները, որոնք նպաստում են գիտության զարգացմանը»:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող, սեմինարի մասնակից Նունե Բադալյանն արժևորեց ֆակուլտետի ընձեռած հնարավորությունը: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Գիտության զարգացումն անհնար է պատկերացնել առանց միջազգային համագործակցությունների: Այս համատեքստում ինձ համար կարևոր է մասնակցությունը միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հետազոտողների անցկացրած սեմինարներին ու դասախոսություններին, որոնք ֆակուլտետում մշտապես են կազմակերպվում: Լինելով ավարտական կուրսի ուսանող՝ կարևորում եմ համագործակցությունների շրջանակում նախատեսվող մագիստրոսական և ասպիրանտական համատեղ ծրագրերի իրագործումը, որոնց նաև ինքս կկարողանամ դիմել»:
Նշենք, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և գիտահետազոտական ինստիտուտի համագործակցությամբ յուրաքանչյուր շաբաթ անցկացվում են այսօրինակ սեմինարներ, որոնց մասնակցում են ինչպես ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ ուսանողներ: