- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Դեկտեմբեր 14, 2022 | 16:29
Կրթություն
ԵՊՀ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Մեդիագրագիտություն և մեդիայի գործիքների ուսումնասիրություն, քաղաքականություն, դատական պաշտպանություն. կենդանիների կենսաբանական ակտիվությունից մինչև կատալիզորդներ ու դեղագործություն և այլն. այս ամենին Երևանի ու ՀՀ մարզերի ավագ դպրոցների և քոլեջների բազմաթիվ սովորողներ ծանոթանում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ կատարած այցերի ժամանակ:
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնը պարբերաբար աշակերտներին է ներկայացնում ԵՊՀ ընդունելության կարգը, ֆակուլտետները, տարբեր մասնագիտությունների առանձնահատկությունները, կրթական ծրագրերը և ֆակուլտետում դասավանդվող առարկաները՝ այդպիսով ամրապնդելով բուհ-դիմորդ կապը:
ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Քրիստինե Հարությունյանը նշում է, որ կարճ ժամանակահատվածում աշակերտները ծանոթանում են ոչ միայն իրենց նախընտրած ֆակուլտետին ու մասնագիտության առանձնահատկություններին, լսում դասախոսություններ, այլև մեկդարյա հարուստ պատմություն ունեցող համալսարանի ավանդույթներին՝ կողմնորոշվելով նաև բուհի ընտրության հարցում:
«Աշակերտները պարբերաբար այցելում են համալսարանի ֆակուլտետներ: Վստահաբար կարող եմ ասել, որ նրանք գիտեն, որ անկախ մասնագիտությունից՝ ԵՊՀ-ն իր տված բարձրորակ կրթությամբ, նորարարական մեթոդներով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպվող դասընթացներով, մշակութային, մարզական միջոցառումներով հիշարժան ու անմոռանալի է դարձնելու ուսանողական առօրյան և, ամենակարևորը, նպաստելու է իրենց ընտրած ոլորտում առաջատար մասնագետ դառնալուն»,- նշում է Ք. Հարությունյանն ու հավելում. «ԵՊՀ-ում հյուրընկալված աշակերտներին հաճախ եմ տեսնում համալսարանում, իհարկե, արդեն ուսանողի կարգավիճակով»:
Նշենք, որ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ ոչ միայն հյուրընկալում են աշակերտների, այլև այցելություններ են կատարում ՀՀ մարզերի դպրոցներ:
Այսօրինակ համագործակցությունները շարունակական են լինելու:
Կարինե Հովհաննիսյան