- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Մարտ 14, 2023 | 19:10
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ծագման երկրի մասին տեղեկատվությունը ապաստանի որոշման ընթացակարգերի համատեքստում» խորագրով ծրագրի՝ ուսուցման փուլի պաշտոնական փակման արարողությունը:
Հոկտեմբերին մեկնարկած ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ապաստանի ընթացակարգերում ծագման երկրի վերաբերյալ տեղեկության նշանակությանը՝ կենտրոնանալով հատկապես Մերձավոր Արևելքի երկրների էթնիկ-կրոնական, պետաիրավական համակարգերի առանձնահատկությունների, մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վերաբերյալ տեղեկատվության վրա։ Ծրագրի առաջին փուլից հետո դասախոսություններն ունկնդրած ուսանողներից ընտրվելու է փորձնակ, որը «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի մասնագետների հետ զբաղվելու է Հայաստանում ապաստան հայցող անձանց ծագման երկրի վերաբերյալ տեղեկության ձեռքբերմամբ։
ԵՊՀ իրավագիտության և արևելագիտության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները 21 դասախոսությունների ընթացքում մասնակիցներին ներկայացրին տեղեկություններ Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Աֆղանստանի և Թուրքիայի վերաբերյալ: Մինչ ծրագրի մասնակիցներին վկայագրեր հանձնելը դասախոսությամբ հանդես եկավ նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ խոսելով միգրացիոն շարժերի ժամանակակից միտումների մասին։
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն, եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Քնարիկ Վարդանյանը, կարևորելով այս ծրագրի արդիականությունը, շեշտեց, որ երկրներն ընտրվել են՝ հաշվի առնելով այնտեղի քաղաքացիների՝ ՀՀ-ում ապաստան հայցողների թիվը և այդ երկրների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների պակասը:
«Այս ծրագիրը կարևոր դերակատարում ունի ոլորտի իրավաբանների և պետական մարմինների աշխատանքում՝ ապաստանի որոշման ընթացակարգերում ծագման երկրի մասին տեղեկությունները կիրառելու տեսանկյունից, ուստի կարևոր է, որ իրավաբանական կլինիկաների ուսանողները՝ որպես ապագա պրակտիկ իրավաբաններ, բարձր իրազեկվածություն ունենան ոլորտի վերաբերյալ»,- ընդգծեց Ք. Վարդանյանը:
Հոկտեմբերին մեկնարկած ծրագրին մասնակցել և վկայագրեր են ստացել 18 ուսանողներ՝ Երևանի պետական համալսարանի և Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկաներից։ Ծրագիրն իրականացնում են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ:
Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հանրային կապերի պատասխանատու Ջենիֆեր Մքէնդրյուի՝ այս ծրագրի իրականացման գործում ներդրում ունենալը ԱՄՆ դեսպանության համար չափազանց կարևոր է: Նա, ընդգծելով ապաստան հայցողներին և փախստականներին աջակցելու կարևորությունը, նշեց, որ այս ծրագիրը կնպաստի ՀՀ-ում ապաստանի գործընթացների բարելավմանը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են նաև ԵՊՀ իրավագիտության և արևելագիտության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչները, ԵՊՀ և Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկաների ուսանողները: