- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԴՈՄԻՆՈՆ
Դեկտեմբեր 13, 2022 | 10:12
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԴՈՄԻՆՈՆ
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ասպիրանտ Տիգրան Եգանյանի «Մերկապտո խմբով հարուցվող ասիմետրիկ դոմինո ռեակցիաների կատալիզորդներ. սինթեզ և ակտիվության ուսումնասիրություն» գիտական թեման:
Գիտական դրամաշնորհի ղեկավար Տիգրան Եգանյանի հետ զրուցել ենք թեմայի կարևորության, կատարված ուսումնասիրությունների կիրառական նշանակության և այլ հարցերի շուրջ:
Անդրադառնալով ներկայացվող նախագծի նպատակին՝ Տիգրան Եգանյանն ասաց. «Ցանկանում ենք 1,2,4-տրիազոլների հենքի վրա ստանալ ամինաթթվային մնացորդ պարունակող ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են կիրառվել ասիմետրիկ սինթեզում՝ որպես Բրոնստեդի հիմքեր և (կամ) լիգանդներ անցումային շարքի մետաղներով կատալիզվող ռեակցիաներում, ուսումնասիրել սինթեզված միացությունների կատալիտիկ ակտիվությունը մերկապտո խմբով հարուցվող ասիմետրիկ դոմինո ռեակցիաներում և գնահատել դրանց ռեգիո- ու ստերեոսելեկտիվությունը՝ կախված ռեագենտի, սուբստրատի և կատալիզատորի կառուցվածքից»։
Խոսելով ժամանակակից օրգանական քիմիայի և դեղարդյունաբերության հիմնական խնդիրներից՝ նա առանձնացրեց օպտիկապես մաքուր, կենսաակտիվ միացությունների սինթեզը:
«Դասական քիմիական սինթեզը բերում է ոչ ակտիվ ռացեմատի առաջացմանը, որի բաժանումը ֆերմենտատիվ եղանակով անհնար է ոչ բնական կառուցվածքի պատճառով: Այս խնդիրը լուծելու համար մշակվել են ասիմետրիկ սինթեզի տարբեր եղանակներ»,- ընդգծեց Տ. Եգանյանը և հավելեց. «Ներկայում ասիմետրիկ սինթեզի ոլորտը աշխարհահռչակ գիտնականների ուշադրության կենտրոնում է»:
Մատնանշելով ծծումբօրգանական միացությունների դեղագործական մեծ կիրառությունը՝ Տ. Եգանյանն ասաց, որ կատալիտիկ եղանակով C-S կապերի ստեղծումը ժամանակակից սինթետիկ օրգանական քիմիայի հետազոտությունների և նորարարությունների կենտրոնում է կենսաբանական արժեքի շնորհիվ։
«Ուշագրավ է, որ նշանակալի նվաճումներ են գրանցվել C-S նոր կապերի առաջացման գործընթացում, որտեղ հիմնականում կիրառվում են միացման կամ տեղակալման մարտավարություններ։ Ծծումբ պարունակող տարբեր նուկլեոֆիլների միացումը C=C կրկնակի կապի, ինչպես նաև էպօքսիդների, ազիրիդինների և անհիդրիդների թիոլիզը C-S կապերի առաջացման հիմնական մեթոդներն են։ Հաշվի առնելով այն փաստը, որ կենսաակտիվ ծծումբօրգանական միացությունների մեծ մասը քիրալ են և օպտիկապես ակտիվ, մեծ հետաքրքրություն են ներկայացնում C-S կապերի ասիմետրիկ առաջացման նոր մեթոդների մշակումը»,- ասաց դրամաշնորհի ղեկավարը:
Անդրադառնալով ժամանակակից օրգանական սինթեզի կարևոր խնդիրներին՝ Տիգրան Եգանյանն առանձնացրեց բազմափուլ սինթեզի փուլերի թվի կրճատումը, որը կարող է հանգեցնել ռեակցիաների մշակման գործընթացի, սինթեզի տևողության և տնտեսական ծախսերի կրճատման՝ մեծացնելով սինթեզի արդյունավետությունը։
«Այս խնդրի լուծումը կարող են տալ դոմինո ռեակցիաները, որոնց ընթացքում տեղի են ունենում իրար հաջորդող փոխարկումներ. նախորդ փոխարկումը հարուցում է հաջորդին»,- նշեց Տ. Եգանյանը։
Նշենք, որ գիտական թեման իրագործում է Տիգրան Եգանյանի գիտական ղեկավարի՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ք.գ.թ. Արմեն Գալստյանի գլխավորությամբ։
Կարինե Հովհաննիսյան