- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Փետրվար 28, 2023 | 16:30
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի գիտական խումբն ուսումնասիրում է «Ժամանակակից էկոլոգիապես առավել անվտանգ կենցաղային քիմիական միջոցների, տեխնիկական սպասարկման միջոցների արդյունավետ արտադրական տեխնոլոգիաների մշակում և ներդնում» գիտական թեման:
Ծրագրի նպատակն է բարելավել և կատարելագործել կենցաղային քիմիական միջոցների և տեխնիկական սպասարկման միջոցների արտադրական տեխնոլոգիաների, ժամանակակից, էկոլոգիապես առավել անվտանգ և բարձրորակ հումքի ուսումնասիրությունը և կիրառությունը: Հատկապես կարևորվում է արտերկրից ներկրվող կենցաղային միջոցների փոխարեն արտադրության կազմակերպումը տեղում՝ նպաստելով հայրենական արտադրության զարգացմանը:
Ծրագրի ընդհանուր տևողությունը երկու տարի է: Այն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և ԵՊՀ գործընկեր «Յունիքիմ» ՍՊԸ-ի ֆինանսավորմամբ: Ավելի քան մեկ տարվա գործունեության ընթացքում գիտական թիմն արդեն հրապարակել է գիտական հոդված միջազգային բարձր վարկանիշային պարբերականում, որին միջազգային գիտական ասպարեզում հղում են կատարել։ Այժմ կատարվում են աշխատանքներ ու հետազոտություններ հաջորդ գիտական հոդվածը հրապարակելու ուղղությամբ։
Ընթացքի մեջ է նաև գործընկեր կազմակերպության հետ նոր լաբորատորիայի ստեղծումը, որի նպատակն է նոր տեխնոլոգիաների մշակումը, անալիզների իրականացումը, տեխնիկական ցուցանիշների որոշումը և մասնագետների պատրաստումը:
Թեմայի գիտական ղեկավարը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.թ., դոցենտ Արմեն Մարտիրյանն է: Գիտական խմբում ընդգրկված են նույն ամբիոնի ասիստենտ, ք.գ.թ. Գոհար Շահինյանը, քիմիայի ֆակուլտետի կրտսեր գիտաշխատող Վլադիմիր Վարդապետյանը և «Յունիքիմ» ընկերության փոխտնօրեն Արթուր Գասպարյանը:
Նշենք, որ «Յունիքիմ» ընկերության հետ ԵՊՀ համագործակցությունն ամրագրված է հուշագրով, որի շրջանակում ոչ միայն իրականացվում է այս գիտական ծրագիրը, այլև արդեն վերապատրաստվում է ֆակուլտետի ուսանողներից մեկը՝ ընկերությունում աշխատանքի անցնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Մկրտչյան