- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
Մայիս 17, 2019 | 16:06
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագրի 4 ուսանողներ, ծրագրի գործընկեր բուհի դասախոս Յուրի Նոսիկը և մագիստրոսական ծրագրի համակարգողներ Քրիստինե Գևորգյանը և Լիլիթ Միրզոյանը մայիսի 6-10-ը մասնակցել են «Գլոբալ դասընթաց. նոր տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ» դասընթացին:
Այն տեղի է ունեցել Բուենոս Այրեսի Սան Մարտին ազգային համալսարանում։
Դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների Գլոբալ կոմպուսի շրջանակում, որի նպատակն է այդ ցանցում գտնվող միջազգային 7 ծրագրերի ուսանողների և դասախոսների, համակարգողների հետ միասին քննարկել նոր տեխնոլոգիաների դերը և ազդեցությունը ժամանակակից աշխարհում, ինչպես նաև պարզել՝ արդյո՞ք նոր տեխնոլոգիաները ոտնահարում են մարդու իրավունքները, թե ունեն դրական ազդեցություն դրանց պաշտպանության ոլորտում:
Քրիստինե Գևորգյանի խոսքով, մայիսի 6-7-ն անցկացվել են պլենար-քննարկումներ, որոնց մասնակցել են տարբեր երկրներից ժամանած պատվիրակության անդամներ, փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դրանց ընթացքում քննարկվել են նոր տեխնոլոգիաների ազդեցությունն ազգային, տարածաշրջանային և համաշխարհային տիրույթներում: Իսկ մայիսի 8-ին և 9-ին մագիստրոսական 7 ծրագրերի ուսանողներ իրենց տարածաշրջանի համատեքստում ներկայացրել են դասընթացի թեման:
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագրի խմբի անդամները ելույթ են ունեցել մայիսի 9-ին, որի ընթացքում խոսել են Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում նոր տեխնոլոգիաների դերի և ազդեցության մասին:
Մայիսի 10-ին դասընթացի ներկայացուցիչները հանդիպել են Բուենոս Այրեսի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Նադեժդա Տեր-Աբրահամյան