- Գլխավոր
- Նորություններ
- ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դեկտեմբեր 02, 2022 | 16:26
Կրթություն
Գիտություն
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին:
Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները միջոցառման ժամանակ կարդացին Չարենցի ստեղծագործությունները՝ հայերենով և ռուսերեն թարգմանությամբ, կատարեցին «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության հիման վրա ստեղծված երգը:
Միջոցառման նախաձեռնող, ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր, բ.գ.դ. Լիանա Մաթևոսյանի խոսքով՝ այս միջոցառման հիմնական նպատակն է ուսանողներին ծանոթացնել մեծ գրողի կենսագործունեությանը, մասնավորապես՝ նրա ստեղծագործությունների ռուսերեն թարգմանություններին, որոնց հեղինակներն են Աննա Ախմատովան, Միխայիլ Դուդինը, Բորիս Պաստեռնակը և այլք: Լ. Մաթևոսյանի խոսքով՝ ուսանողների մասնակցությունն այսօրինակ միջոցառումներին շատ կարևոր է, քանի որ նրանք հնարավորություն են ունենում բոլորովին նոր լույսի ներքո ճանաչելու և ուսումնասիրելու հայ մեծանուն գրողներին:
Միջոցառման հրավիրյալ հյուրն էր բանաստեղծի թոռնուհի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Չարենցին սիրում են բոլորը, և շատ ուրախ եմ, որ ուսանողները կարդում են նրա ստեղծագործությունները, իսկ այսպիսի միջոցառումներն օգնում են գրողի հանրահռչակմանը: Այս տարի կարծես բոլորը կրկին հիշեցին նրան և վերարժևորեցին նրա գործերը»:
Խոսելով Չարենցի երկերի ռուսերեն թարգմանությունների մասին՝ Գ. Չարենցն ընդգծեց, որ բավականին դժվար է այլ լեզվով փոխադրել նույն միտքը նույն բառային շքեղությամբ, սակայն վստահորեն կարելի է ասել, որ ռուսերեն թարգմանությունները բավականին հաջողված են:
Հատկանշական է, որ միջոցառման ժամանակ ֆակուլտետի՝ ազգությամբ չինացի ուսանողն ասմունքեց Չարենցի բանաստեղծություններից մեկը՝ ռուսերեն և չինարեն թարգմանություններով, որոնք հենց ինքն է թարգմանել:
Միջոցառման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը տալու Գոհար Չարենցին:
Հիշեցնենք, որ վերջերս ԵՊՀ-ում անցկացվեց Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի երկրորդ նիստը: