- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՝ «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐ
Նոյեմբեր 17, 2021 | 16:42
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՝ «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐ
ԵՊՀ ուսանող Գարիկ Պետրոսյանը հաղթող է ճանաչվել գլխավոր մրցանակ «Գրան պրի» անվանակարգում:
Նոյեմբերի 16-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցանակաբաշխության 30 հաղթող ուսանողի պարգևատրման հանդիսավոր արարողությունը։
Մրցույթի մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝ գլխավոր մրցանակ «Գրան պրի» (1.200-ին ԱՄՆ դոլարի համարժեք ՀՀ դրամ), «Լավագույն ասպիրանտ» (1-ին կարգ՝ 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 2-րդ կարգ՝ 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), «Լավագույն մագիստրանտ» (1-ին կարգ՝ 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ կարգ՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), «Լավագույն բակալավր» (1-ին կարգ՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ կարգ՝ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), «Լավագույն սփյուռքահայ մասնակից» (1-ին կարգ՝ 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ կարգ՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ):
Մայր բուհի ուսանողները հաղթող են ճանաչվել հետևյալ անվանակարգերում. գլխավոր մրցանակ «Գրան պրի»՝ Գարիկ Պետրոսյան, «Լավագույն ասպիրանտ» 1-ին կարգ՝ Արամ Ղարիբյան, «Լավագույն ասպիրանտ» 2-րդ կարգ՝ Բաբկեն Հովհաննիսյան, «Լավագույն մագիստրանտ» 1-ին կարգ՝ Վահագն Ալթունյան, «Լավագույն մագիստրանտ» 2-րդ կարգ՝ Նարեկ Ավագյան, «Լավագույն բակալավր» 1-ին կարգ՝ Մհեր Խաչատրյան, «Լավագույն բակալավր» 2-րդ կարգ՝ Հրաչյա Ասատրյան:
Արարողությանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը, 2021 թ. «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հանձնաժողովի անդամները։
Պարգևները հանձնել է «Սինոփսիս» ընկերության համանախագահ Չի-Ֆուն Չանը։
«Նախաձեռնելով այս մրցանակաբաշխությունը՝ մենք նպատակ ունեինք ոգևորել երիտասարդներին ընտրել ՏՏ ոլորտը և շարունակել ճարտարագիտական գերազանցության ավանդույթները Հայաստանում»,- ասել է «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համանախագահ Չի-Ֆուն Չանը և հավելել, որ կրթական պարգևը նաև շարժառիթ է Հայաստանի երիտասարդության համար խորացնելու իրենց գիտելիքներն այս բնագավառում և իրենց ներդրումն ունենալու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման գործում։
««ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմաբնույթ և տարբեր ձևաչափերով իրականացվող ուրույն ծրագրերից է, որով հիմնադրամը նպաստում է Հայաստանի երիտասարդության ներուժի բացահայտմանն ու բնագավառի զարգացմանը։ Այսօր առավել քան կարևորվում է մասնավոր, պետական և հասարակական կառույցների միջև համագործակցությունը՝ միտված երկրի տնտեսության հզորացմանն ուղղված ջանքերի միավորմանը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 102 ուսանող Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանից (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից (ՀՌՀ), Եվրոպական համալսարանից (ԵՀ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից (ՀՊՄՀ):
Ի դեպ, մի քանի տարվա ընդմիջումից հետո այս տարի առաջին անգամ է ընտրվել «Գլխավոր մրցանակ»-ի հաղթողը։
Հավելենք, որ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» իրականացվում է 2005 թ. «Սինոփսիս Արմենիա» ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:
Մրցանակները շնորհվում են այն ուսանողներին, որոնք ունեն բարձր առաջադիմություն, մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների ու մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ինչպես նաև ակտիվ են համայնքային ծրագրերում:
Մինչև այսօր 378 ուսանող արժանացել է «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի»։ Ուշագրավ է, որ «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008 թ. հիմնել են «Հաղթողների ակումբ», որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ են։