- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՉ ՄԻ ԳԻՐՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՑԵԼ. ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ
Փետրվար 27, 2019 | 16:55
Հասարակություն
ԵՊՀ-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՉ ՄԻ ԳԻՐՔ ՉԻ ԱՆՀԵՏԱՑԵԼ. ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ
2018 թվականի ամռանը Վիկտոր Փամբուկչյանը որպես նվիրատվություն Երևանի պետական համալսարանին ուղարկել է 405 արկղ գիրք:
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում, նկատի ունենալով այս նվիրատվություն, գրառում է կատարել այն մասին, որ իբր ԵՊՀ-ում կորել կամ գողացվել է 30 հազար կտոր անգլերեն գրականություն։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Պարզաբանում է ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը։
Նվիրատվություն ստացած գրքերի մասին պարոն Միրզոյանն ասում է, որ գրքերը ստանալու ճանապարհին խնդիր են ունեցել Մաքսային ծառայության հետ, քանի որ այդ պահին ԵՊՀ-ին ուղարկված բեռը դեռ չէր ճանաչվել բարեգործական. «Համալսարանը նամակ է գրել Մաքսային ծառայությանը, որպեսզի այդ բեռը ճանաչվի բարեգործական։ Գոյություն ունի կառավարական հանձնաժողով, որն անցնելուց հետո միայն այն դառնում է բարեգործական»։
Պարոն Միրզոյանի խոսքով, իրենք նամակով դիմել են Մաքսային ծառայության համապատասխան մարմիններին ու խնդրել՝ թույլ տալ գրքերը պահել ԵՊՀ-ում՝ ամեն օր գումար չվճարելու համար։
«Մենք ՀՀ կառավարությանը խնդրեցինք, որ թույլ տան արկղերով գրքերն այստեղ պահել։ Կառավարությունը համաձայնություն տվեց, և մենք մի լրիվ առանձին, ամբողջությամբ փակ սենյակ տրամադրեցինք այդ գրքերի համար, քանի որ այդ արկղերում միայն գրքեր չեն, կան նաև սկավառակներ: Արկղերի տեղափոխումը վերահսկվել է Մաքսային ծառայության անդամների կողմից, նրանք իրենց կնիքով կնքել են սենյակի դուռն ու լուսամուտները։ Այդպիսով սենյակը բացարձակ անհասանելի է եղել ինչ-որ մեկի մուտքի համար»,-պարզաբանում է նա։
Միայն սեպտեմբերի կեսերին, երբ բեռը ճանաչվել է բարեգործական, գրադարանի աշխատակիցներին թույլ է տրվել բացել սենյակը և օգտվել նյութերից։
«Նշեմ, որ այդ 405 արկղ գրքերը նախատեսված չեն միայն մեր համալսարանի գրադարանի համար։ Կա ցուցակ, որտեղ պարզ գրված է, թե որ արկղի գրքերը որ համալսարաններին են պատկանում։ Այդ համալսարանների թվում են Արցախի պետական համալսարանը, Եվրոպական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և այլն։ Մենք տարբերակել ենք ԵՊՀ-ին պատկանող գրքերը, որոնք պատրաստ են մուտքագրման»,- ասաց ԵՊՀ գրադարանի տնօրենը և ավելացրեց,- «քանի որ մեր գրադարանը բուհական է, մեզ համար առաջնայինն ուսումնական գրականության մուտքագրումն է։ Իսկ այս գրականությունը, որը մեզ են նվիրել, ամբողջությամբ գիտական է։ Բացի դրանից՝ մենք ուսումնական գրադարան ենք և իրավունք ունենք որոշելու, թե որ գրքերն են մեզ անհրաժեշտ»։
Անդրադառնալով իբրև թե անհետացած գրքերի թվին՝ պարոն Միրզոյանը նշեց, որ պարոն Փամբուկչյանը գրադարանին է ուղարկել տասը հազար գրքից ոչ ավելի, որոնք բոլորն էլ կան ցուցակում։
Վերջինս ասում է, որ տեղյակ չէ, թե որտեղից են հայտնվել 30 հազար գրքի անհետացման մասին լուրերը։
«Մենք Վիկտոր Փամբուկչյանի հետ նամակագրական կապի մեջ ենք։ Երկու օր առաջ նա ինձ նամակ է գրել, որին այսօր եմ պատասխանել։ Նա ինձ հարցնում է, թե ինչու Աստվածաբանության ֆակուլտետը չի ստացել այդ գրքերը։ Ես նրան պատասխանել եմ ու հիմա ձեզ էլ ասում եմ, որ գրքերը դեռևս մուտքագրված չեն, ու մուտքագրվելուց հետո դրանք կհասնեն հասցեատերերին»։
Մարինա Առաքելյան