- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
Մայիս 24, 2019 | 15:47
Կրթություն
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում այսօր անցկացվեց համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված երիտասարդական գիտաժողով:
Երիտասարդական գիտաժողովը կազմակերպել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) հետ համատեղ: Գիտաժողովին ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ռեբեկա Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները:
Երիտասարդական գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ-ի, Գավառի պետական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների 11 ուսանողներ:
Զեկուցողները ներկայացրին իրենց գիտական հետազոտության արդյունքները և խոսեցին իրենց մասնագիտության արդի հիմնախնդիրների մասին:
Ներկայացվող զեկուցումները ներառում էին մասնագիտական հետևյալ բաժանմունքները՝ կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ, մաթեմատիկա և մեխանիկա, ռադիոֆիզիկա և ֆիզիկա:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, գիտաժողովի նախագահ Արտաշես Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս գիտաժողովը նպաստում է Ռադիոֆիզիկայի և այլ բնագիտական ֆակուլտետներում կրթություն ստացող ուսանողների շրջանում գիտահետազոտական աշխատանքների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում, ուսումնառության ընթացքում, գիտության ոլորտում առաջին քայլերը կատարող առավել ակտիվ ուսանողներին ներկայացնելու իրենց իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրանտ Միքայել Մարտիրոսյանի խոսքով, շատ ողջունելի է, որ ԵՊՀ-ում կազմակերպվում է նմանօրինակ գիտաժողով: «Կարևոր եմ համարում գիտության զարգացումը՝ ուսանողների ներգրավմամբ: Սա ուսանողների համար շատ լավ հնարավորություն է՝ ներկայացնելու իրենց գիտական աշխատանքները»,- հավելեց նա:
Գավառի պետական համալսարանի ուսանող Կարեն Մաստոյանը նշեց, որ առաջին անգամ է ԵՊՀ-ում մասնակցում գիտաժողովի, շատ ուրախ է, որ ձեռք է բերել ընկերներ ու նոր գիտելիքներ: «Մասնակցելով նման գիտաժողովների՝ կարողանում ես բարելավել ելույթ ունենալու ունակություններդ, ինչպես նաև ձեռք ես բերում նեղ մասնագիտական գիտելիքներ»,- ասաց ուսանողը:
Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվեցին մասնակցության հավաստագրեր:
Գիտաժողովին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում:
Նադեժդա Տեր-Աբրահամյան