- Գլխավոր
- Նորություններ
- «ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ 17-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ՄԵՐ ԵՐԿԻՐ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է». ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սեպտեմբեր 13, 2018 | 14:52
Հասարակություն
«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ 17-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ՄԵՐ ԵՐԿԻՐ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է». ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) 17-րդ գագաթնաժողովը։ Հայաստանի պատմության մեջ այն կլինի ամենախոշոր միջոցառումներից մեկը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչները (ՖՄԿ-ն ունի 84 անդամ երկիր)։
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի հետ զրուցեցինք ԵՊՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվելիք միջոցառումների մասին, որոնք տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ:
Զավեն Հարությունյանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ ԵՊՀ-ում դեռևս ապրիլ ամսից սկսվել են կազմակերպվել մի շարք միջոցառումներ, իսկ մի մասն էլ կազմակերպվելու է մինչ գագաթնաժողովը:
Զ. Հարությունյանը նախ կարևորեց ԵՊՀ-ի կողմից արդեն իսկ կազմակերպված միջոցառումներից մի քանիսը: Նրա խոսքով, Երևանի պետական համալսարանը, մեծապես կարևորելով ֆրանսերենի դասավանդումը, համագործակցում է բազմաթիվ ֆրանկոֆոն կազմակերպությունների ու համալսարանների հետ, որոնցից է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (ՖՀԳ)։
ԵՊՀ ռեկտորատի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության աջակցության շնորհիվ ապրիլին Ֆրանսիական բանասիրության ամբիոնին կից հանդիսավոր բացվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը, որը հագեցած է նորագույն տեխնիկայով:
Նա հայտնեց, որ վերոնշյալ կենտրոնում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ, որոնցից առանձնահատուկ ուշադրության են արժանի «Ֆրանկոֆոնիայի լեզվամշակութային դրսևորումները» խորագիրը կրող ուսանողական միջազգային գիտաժողովը և «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» միջազգային գիտաժողովը:
Զավեն Հարությունյանը նաև նշեց, որ համալսարանի և ՖՀԳ համագործակցության շրջանակում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ այս տարի Ֆրանսիական բաժնի ուսանողները հիմնել են ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբը, որը ակտիվորեն առաջադրում է հետաքրքիր ծրագրեր, նախագծում միջհամալսարանական մրցույթներ և միջոցառումներ:
Անդրադառնալով առաջիկա միջոցառումներին՝ նա նաև նշեց, որ մինչ գագաթաժողովը նախատեսվում է ամփոփել արդեն իսկ հայտարարված «Ֆրանսերենը միջմշակութային հաղորդակցության լեզու» էսսեների մրցույթի արդյունքները:
Առաջիկայում տեղի է ունենալու նաև ժամանակակից ֆրանկոֆոն հեղինակների նովելների և պատմվածքների թարգմանությունների ժողովածուների շնորհանդեսը: Նա նշեց, որ ժամանակակից ֆրանկոֆոն հեղինակների նովելները և պատմվածքները թարգմանել են Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում սովորող ուսանողները:
ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնում նախատեսվում է անցկացնել «Էթնիկ մշակույթը և բազմամշակութայնությունը» խորագրով կլոր սեղան-քննարկում: Մինչ հոկտեմբեր կազմակերպվելու է նաև ԵՊՀ ակադեմիական նվաճումների կենտրոնի և «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համագործակցության ծրագրերը:
Զավեն Հարությունյանը՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու փաստը՝ նշեց, որ այն Հայաստանում անցկացնելը մեր երկիր համար մեծ պատիվ է: Նրա խոսքով, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումն առաջին հերթին Հայաստանին հնարավորություն կտա ավելի ճանաչելի լինել, մասնավորապես այն երկրներում, որտեղ քիչ տեղեկատվություն գիտեն Հայաստանի մասին:
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու համար մեր երկիրը հաղթել է բավական լուրջ մրցակցության մեջ։ Գագաթնաժողովի անցկացման համար պայքարում էր նաև Թունիսը: 2016 թ.-ին Մադագասկարում կայացած գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է ՖՄԿ պատմության մեջ աննախադեպ որոշում, որի արդյունքում որոշվել է ոչ թե միայն հաջորդ, այլ հաջորդող 2 գագաթնաժողովների անցկացման վայրերը՝ 2018-ին Հայաստան, 2020-ին Թունիս։
Նադեժդա Տեր-Աբրահամյան