- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀՀ ԱԳՆ-Ի ԵՎ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ
Ապրիլ 26, 2019 | 11:00
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՀՀ ԱԳՆ-Ի ԵՎ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԻՋԵՎ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 25-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:
Հանդիպմանը ներկա էին ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանը, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը և ֆակուլտետի շուրջ 30 ուսանողներ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախությունից հետո սեփական սահմանափակ ռեսուրսներով դիվանագիտական ծառայության կայացման գործում իր ուրույն ավանդն է բերել նաև ԵՊՀ-ն: Նախարարը հույս հայտնեց, որ համալսարանի և նախարարության միջև հաստատված սերտ համագործակցությունը շարունակական կլինի:
Անդրադառնալով դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այն մեծ պատասխանատվություն և նվիրվածություն պահանջող, միևնույն ժամանակ՝ ստեղծագործ աշխատանք է:
Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները, ընդգծեց, որ վերջին 27 տարիների ընթացքում Հայաստանը կառուցել է իր անվտանգության ճարտարապետությունը, որը հիմնված է համապարփակ և համագործակցային անվտանգության սկզբունքի վրա՝ ներառելով ռազմաքաղաքական անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանի պետական և հասարակական կառույցների, տնտեսական և սոցիալական զարգացման անվտանգությունը:
Անդրադարձ կատարելով տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներն ու մոտեցումները, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների առանձնահատկությունները, պատասխանեց ուսանողների մի շարք հարցերին։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և օգտակար դասախոսության համար՝ նշելով, որ այս կերպ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին առաջին ձեռքից:
Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 20-ամյակի կապակցությամբ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանին և պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանին պարգևատրեց ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալներով: Պարգևատրմանը հաջորդեց ՀՀ ԱԳՆ և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողությունը։