- Գլխավոր
- Նորություններ
- ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Հոկտեմբեր 21, 2021 | 16:15
Հասարակություն
ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը, Կենտրոնական բանկի ու ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Մասնակիցներին նախ ողջունեց Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Կենտրոնական բանկի համագործակցության շնորհիվ ներկաներն այս անգամ էլ հնարավորություն ունեն ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներից ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հասմիկ Ղահրամանյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման օրակարգը, որը վերաբերում էր Կենտրոնական բանկի երկու հիմնական նպատակների իրականացման գործընթացին՝ գների կայունության և ֆինանսական կայունության ապահովմանը:
Այնուհետև Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Հայկ Ավետիսյանն անդրադարձավ դրամավարկային քաղաքականության ծրագրին. «Այս ծրագիրն արտացոլում է մեր պատկերացումներն ու դատողությունները թե՛ ներքին տնտեսության, թե՛ արտաքին աշխարհի վերաբերյալ, որի հիման վրա կառուցվում է ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը»:
Նա խոսեց Հայաստանում դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության ընթացիկ միտումների մասին, ներկայացրեց ամբողջ աշխարհում ու Հայաստանում համավարակի ստեղծած տնտեսական մարտահրավերները:
Բանախոսն անդրադարձավ 2020 թ. մարտահրավերների պայմաններում մակրոտնտեսական միջավայրի յուրահատկություններին, ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակում իրականացված մակրոպրուդենցիալ քաղաքականության առանձնահատկություններին:
Հանդիպման վերջում ներկայացվեց ֆինանսական կայունության հաշվետվությունը, որից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան: