- Գլխավոր
- Նորություններ
- «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՀԱՏ ՀԻՄՔՆ Է ԱԶԳԱՅԻՆԻ». ՊՅՈՏՐ ՕՍԿՈԼԿՈՎ
Փետրվար 27, 2020 | 13:46
Կրթություն
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՀԱՏ ՀԻՄՔՆ Է ԱԶԳԱՅԻՆԻ». ՊՅՈՏՐ ՕՍԿՈԼԿՈՎ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր «Էթնիկությունը և ազգայնականությունը ժամանակակից աշխարհում» («Этничность и национализм в современном мире») հրապարակային դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայի պետական ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Պյոտր Օսկոլկովը:
Դասախոսության ունկնդիրներն էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը, «Համաշխարհային քաղաքականություն» մասնագիտացման և «Երիտասարդ միջազգայնագետների» ակումբի անդամ ուսանողները:
Պյոտր Օսկոլկովին ողջունեց ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ինչից հետո քաղաքագետը ներկայացրեց ազգային, էթնիկական մշակույթի առանձնահատկությունները:
«Անհատները չափազանց շատ են ու լիովին տարբեր՝ սոցիալական, արհեստավարժ, տարածական, քաղաքական անհատականություն, այդ թվում՝ամբողջ աշխարհում տարածված: Ի վերջո, մարդ, անհատ լինելը բոլորից ավելի կարևոր է: Ինչ-որ իրավիճակում տարիքն ավելի կարևոր է, քան արհեստավարժությունը, տարածքայինն ավելի կարևոր է, քան քաղաքականը, և քաղաքականն ավելի կարևոր է, քան սոցիալականը: Հետևաբար ոչ մի բաղադրիչ չի կարող լինել անկարևոր»,- ընդգծեց բանախոսը։
Խոսելով էթնոսի բաղադրիչների մասին՝ նա նշեց, որ պետականությունը, տարածքը, ավանդույթները, մշակութային առանձնահատկությունները, պատմական ժառանգությունը համարվում են էթնոսի առանցքային մաս։
Ըստ քաղաքագետի՝ էթնիկական ծագումը, լեզուն և ազգն ազգայինը կազմող բաղադրիչներն են համարվում։
Այդուհանդերձ, տարանջատելով էթնիկականի և ազգայնականի սահմանները, բանախոսը փաստեց, որ ազգայնականությունն ավելի լայն հասկացություն է. «Ազգայնականություն ասվածը թեմատիկորեն չափազանց ծանրաբեռնված է։ Այն ներառում է և՛ տարածքայինը, և՛ հոգեբանականը»:
Մեջբերելով հայտնի ազգայնականներից մեկի խոսքը՝ «Ազգայնականությունը խելքի, ուղեղի կարգավիճակ է», Պյոտր Օսկոլկովը նշեց. «Եվ համապատասխանաբար, պետք է ընտրել այն ուղղությունը, որը լրացնում է ճիշտ գաղափարախոսությանը, և հրաժարվել ամեն խանգարող գործոնից»։
Վերջինիս դիտարկմամբ, ազգայնականությունը կայուն կենսաբանական և ժառանգական հասարակություն է ենթադրում. «Անառողջ հասարակությունում սկսվում են շեղումներ: Մշակութային կառուցողականությունը ստեղծվում է մեր անհատականությունից. յուրաքանչյուր անհատ հիմքն է ազգայինի»։
Դասախոսության թեմայի ընտրության հետ կապված՝ «Երիտասարդ միջազգայնագետների» ակումբի նախագահ Անահիտ Ղազարյանն ասաց. «Պյոտր Օսկոլկովի՝ դասախոսության համար առաջարկած տարբեր թեմաներից մենք ընտրեցինք «Էթնիկությունը և ազգայնականությունը ժամանակակից աշխարհում» թեման՝ նկատի ունենալով վերջինիս արդիականությունը, իմացության կարևորությունը և խորքային լինելը»:
Ուսանողուհին հավաստիացրեց, որ նմանաբնույթ հանդիպումները շարունակական են լինելու:
Անգին Խաչատրյան