- Գլխավոր
- Նորություններ
- ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՊՀ ՍԹԵՄ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մարտ 21, 2023 | 12:37
Կրթություն
Գիտություն
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՊՀ ՍԹԵՄ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
2023-2024 ուսումնական տարվանից Երևանի պետական համալսարանին կից գործելու է բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը։ Դպրոցի ընդունելության էլեկտրոնային հայտադիմումն անհրաժեշտ է լրացնել մարտի 22-ից ապրիլի 12-ը։
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց ընդունվելու համար դիմորդները հանձնում են մեկ պարտադիր գրավոր քննություն՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա» կամ «Կենսաբանություն» առարկաներից որևէ մեկը (առարկայի ընտրությունը կատարում է դիմորդը)։
Ընդունելության քննությունների քննաթերթիկները կազմվում են հետևյալ սկզբունքներով․
• 10-րդ դասարանի համար՝ համապատասխան առարկայի՝ հանրակրթական դպրոցների մինչև 9-րդ դասարանի առաջին կիսամյակի ծրագրի հիման վրա,
• 11-րդ դասարանի համար՝ համապատասխան առարկայի՝ հանրակրթական դպրոցների մինչև 10-րդ դասարանի առաջին կիսամյակի ծրագրի հիման վրա։
Քննաթերթիկները պարունակում են ընտրովի և ընդարձակ պատասխանով հարցեր և առաջադրանքներ։ Հարցերի միավորների ընդհանուր քանակը 40 է, որից 15-ը՝ ընտրովի պատասխանով հարցեր, 25-ը՝ ընդարձակ պատասխանով հարցեր։
Հարցերը և առաջադրանքները միաժամանակ կարող են ստուգել մի քանի թեմայի իմացություն:
Հարցերին և առաջադրանքներին կից կարող է լինել օժանդակ նյութ (լուսանկար, դիագրամ, գծագիր, սխեմա, տվյալների աղյուսակ, գրաֆիկական պատկեր և այլն): Նմանօրինակ դեպքերում անհրաժեշտ է ուշադիր կարդալ պահանջը և ներածական հատվածը:
Ընդարձակ պատասխանով հարցերին պատասխանելիս անհրաժեշտ է ցույց տալ կատարված աշխատանքը, քանի որ կիրառված մեթոդի համար կարող են տրվել միավորներ, եթե անգամ վերջնական պատասխանում սխալ է թույլ տրված:
Ընտրովի պատասխանով հարցերի պատասխանները անհրաժեշտ է նշել համապատասխան աղյուսակում։ Ընդարձակ պատասխանով հարցերի դեպքում անհրաժեշտ է օգտագործել յուրաքանչյուր հարցի համար նախատեսված հատվածը՝ պարզորոշ պատասխան գրելու համար:
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության ուղեցույցը՝ այստեղ:
Դպրոցի ընձեռած առավելությունների և հնարավորությունների մասին պատմող տեսանյութը՝ ստորև: