- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 22, 2020 | 16:08
«ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանի գրքի շնորհանդեսը։
«Սիրիական հակամարտությունը 2011-2020 թթ․» վերնագիրը կրող գրքում գիտնական-հետազոտողն ուսումնասիրել է այս տարիների ընթացքում Սիրիական հակամարտության զարգացումները, առաջ եկած փոխակերպումները, ստեղծված նոր իրողությունները, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում նաև հայերի խնդիրները:
Գրքի շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի դասախոսներ, խմբագրական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր, ուսանողներ:
Գրքի խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Սարգիս Գրիգորյանին արդյունավետ համագործակցության համար․ «Այս ընթացքում մենք արդեն իսկ հասցրել ենք բավականին արդյունավետ աշխատել տարբեր հետազոտությունների շրջանակում և նշել ենք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին աշխատանքների հաջողությունները»։
Վահրամ Պետրոսյանը նշեց, որ «Սիրիական հակամարտությունը 2011-2020 թթ․» գիրքը Սարգիս Գրիգորյանի արդեն երրորդ մենագրությունն է, տպագրվել են նաև համատեղ արված որոշ փորձագիտական աշխատանքներ:
ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը ևս հանդես եկավ ելույթով՝ գրքի լուսընծայման առթիվ շնորհավորելով Սարգիս Գրիգորյանին:
Շեշտելով միջոցառման կարևորագույն նշանակությունը՝ Լևոն Հովսեփյանն անդրադարձավ մենագրության համար ընտրված թեմայի արդիականությանը․ «Հարկ է նշել, որ չափազանց արդիական թեմա է ընտրվել ուսումնասիրության համար, եթե տարիներ առաջ Մերձավոր Արևելքը մեզ շատ հեռու մի տարածաշրջան էր թվում, հիմա մենք տեսնում ենք այդ տարածաշրջանի գործընթացների փոխկապակցվածությունն ու դրանց ազդեցությունը նաև Հայաստանի անվտանգության վրա»:
Վերջինս անդրադարձավ Ղարաբաղյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավվածությանը։ «Նման մասնագիտական հետազոտություններն ունեն խիստ կիրառական նշանակություն՝ մեր անվտանգային շահերը վերաիմաստավորելու տեսանկյունից,- ասաց Լևոն Հովսեփյանը,- այս հետազոտությունն օգտակար կլինի ինչպես մասնագիտական շրջանակում քննարկումների համար, այնպես էլ որպես նոր ուսումնական ձեռնարկ՝ ուսանողների համար»:
Գրքի շնորհանդեսի ժամանակ ելույթով հանդես եկավ Սարգիս Գրիգորյանը՝ նշելով, որ գրքի հրատարակումը համընկել է բավականին բարդ ու դաժան մի ժամանակահատվածի հետ: Մենագրության հեղինակը շնորհանդեսին ներկա գտնվելու համար շնորհակալություն հայտնեց իր ավագ գործընկերներին, ընկերներին և ուսանողներին՝ հույս հայտնելով, որ գիրքը կծառայի իր նպատակին:
«Սիրիական կոնֆլիկտն արդեն տասը տարի է, ինչ լրահոսի անբաժան մասն է կազմում և գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում,- ասաց Սարգիս Գրիգորյանը,- սա այն հակամարտությունն է, որը ստեղծեց նոր իրողություններ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացներում»:
«Սիրիական հակամարտությունը 2011-2020 թթ․» գրքում հեղինակն ուսումնասիրել է 2011-2020 թթ․ իրադարձությունները Սիրիայում՝ մասնավորապես հակամարտության սկզբնավորումը, իսլամական ծայրահեղական կառույցների ակտիվ ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը, քրդական գործոնի ակտիվացումը, ինչպես նաև այն վտանգը, որը սպառնում է Սիրիայի էթնիկ-դավանական փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին: Հեղինակն անդրադարձել է նաև կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացներին և դրանց առանձնահատկություններին:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները կարող են ուղղակի կամ անուղղակի մարտահրավեր դառնալ Հայաստանի անվտանգության համար»,- նշեց Ս․ Գրիգորյանը։
Ըստ նրա՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ռիսկերի գնահատման տեսակետով է պայմանավորված այն կարևորությունը, որն ունեն Մերձավոր Արևելքին վերաբերող գործընթացների ուսումնասիրությունները:
Սարգիս Գրիգորյանը գիրքը նվիրեց Ղարաբաղյան պատերազմում զոհված մեր հայրենակիցների հիշատակին։ «Գիրքը նաև նոր կյանքի ու հույսի խորհրդանիշ է, որը պետք է շարունակական լինի»,- ելույթն ավարտելով՝ ասաց Սարգիս Գրիգորյանը: