- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ
Հոկտեմբեր 08, 2021 | 15:03
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ-ն ճանաչողական այցով հյուրընկալել էր ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչներին:
Հյուրերը նախ շրջայց կատարեցին Կենտրոնական մասնաշենքում՝ ծանոթանալով Մարտական ակումբի և ՈՒԽ գործունեությանը, ապա այցելեցին ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան:
Մարտական ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը հյուրերին մանրամասն ներկայացրեց ակումբի ծավալած գործունեությունը, իրականացրած բազմաթիվ նախաձեռնություններն ու բարեգործական ծրագրերը:
«ԵՊՀ-ի և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության շրջանակում մեր ուսանողական խորհրդի և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտական խորհրդի միջև կապն ավելի ամրապնդելու նպատակով հյուրընկալել ենք կուրսանտներին: Սա նոր ծրագրեր սկսելու հիանալի մեկնարկ է»,- նշեց Լ. Ղազարյանը:
Մարտական ակումբի նախագահը հավելեց, որ ճանաչողական այցի նպատակներից մեկն ապագա ծրագրերի մանրամասները քննարկելն է, քանի որ նախատեսվում է իրագործել 4-5 համատեղ ծրագիր. «Հուսով եմ՝ սա ոգևորիչ խթան կհանդիսանա մյուս բուհերի համար, որովհետև մենք այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, երբ, իմ կարծիքով, բոլոր համալսարանները պետք է ունենան մարտական ակումբներ, որոնք կապող օղակ կլինեն ուսանողների և զինվորների միջև»:
ՈՒԽ քարտուղար Անահիտ Օրբելյանը հյուրերին պատմեց Ուսանողական խորհրդի գործունեության, իրականացրած ծրագրերի, ստացած մրցանակների մասին. «ՈՒԽ-ն կառույց է, որն ուսանողական կյանքը դարձնում է ավելի հագեցած ու հետաքրքիր, ուսանողներին ծանոթացնում է իրենց պարտականություններին, զբաղվում նրանց իրավունքների պաշտպանությամբ»:
ԵՊՀ Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում հյուրերին դիմավորեց թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը՝ նշելով, որ մեծ ուրախություն է նրանց համալսարանում հյուրընկալելը, ապա պատմեց Հայաստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը և ներկայացրեց նրա ավելի քան մեկդարյա կրթական ու գիտական նվաճումները, ցույց տվեց թանգարանում պահվող ցուցանմուշները:
Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարոյահոգեբանական ապահովման բաժնի սպա, կապիտան Պավել Ճաղարյանը, որը ԵՊՀ շրջանավարտ է, ասաց, որ թեև այսօրվա այցը ճանաչողական է, բայց իրենք հեռահար նպատակներ ունեն հետագա համագործակցության վերաբերյալ, ուզում են ավելի զարգացնել երկու համալսարանների միջև կապը. «Մեր կուրսանտներն առաջին անգամ էին այցելում համալսարանի թանգարան, բավականին տպավորիչ էր, հիանալի ցուցանմուշներին կային, ներկայացված էր ԵՊՀ պատմությունը, որը, կարելի է ասել, Հայաստանի առաջին հանրապետության պատմությունն է»:
Կուրսանտ Աննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ տպավորված է համալսարան այցից. «Նմանօրինակ այցերը մեզ հնարավորություն են ընձեռում ավելի շատ բան հասկանալու՝ մեր երկրին ինչ է անհրաժեշտ, և մենք ինչ ուղղությամբ պետք է աշխատենք. խոսքը, բնականաբար, կրթությունն ու ծառայությունը համատեղելու մասին է, ինչն էլ մենք հիմա անում ենք»:
Ճանաչողական այցն ավարտվեց Ռադիոֆիզիկայի և Կենսաբանության ֆակուլտետների լաբորատորիաներ այցով, որի ընթացքում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները ծանոթացան լաբորատորիաներում առկա սարքավորումներին:
Հասմիկ Ասլանյան