- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
Սեպտեմբեր 06, 2022 | 14:43
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
Ծրագրի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները և ուսանողները ձեռք կբերեն մանրէաբանությանը վերաբերող նոր գիտելիքներ, կծանոթանան մանրէների դրական հատկություններին և դրանց հնարավոր կիրառություններին առօրյա կյանքում ու արտադրության մեջ:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և ISTC կենտրոնում անցկացվող ծրագրի նպատակն է ուսանողների ու աշակերտների համար ստեղծել հնարավորություն համակողմանի ուսումնասիրելու կենսաբանությունն ու մանրէաբանությունը: Մասնակիցները միաժամանակ ձեռք կբերեն բիզնես մտածողություն, թիմում աշխատելու հմտություններ և միմյանց կփոխանցեն նոր գաղափարներ:
Ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ մարզերից և Երևանից մոտ 100 աշակերտ և ուսանող, որոնցից ընտրվել է 35-ը: Մեծ առավելություն է տրվել հատկապես մարզաբնակ աշակերտների մասնակցությանը՝ գիտության ասպարեզում նրանց ներգրավվածությունը խթանելու նպատակով:
Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ, ծրագրի պատասխանատու Հռիփսիմե Պետրոսյանը, կարևորելով այս ձևաչափով անցկացվող միջոցառումները, շեշտեց՝ դրանք պետք է շարունակական լինեն:
Ծրագրի բանախոս, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանը ներկայացրեց «Ամերիկյան մանրէաբանական ընկերությունը (ASM), նրա դերն ու գործունեությունը Հայաստանում» թեմայով դասախոսություն։ ԵՊՀ դոցենտը մեզ հետ զրույցում նշեց, որ այսպիսի միջոցառումները նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և նրանց ծանոթացնում գիտական աշխարհին:
Ծրագրի մյուս բանախոսներն էին կ.գ.թ., դոցենտ Հովիկ Փանոսյանը, (թեման՝ «Մանրէային մետատիրույթ. կենսազննում և որս»), Ամերիկյան մանրէաբանական ընկերության հայաստանյան ուսանողական խմբակի («ArMicro») նախագահ Լուսինե Դավթյանը (թեման՝ «ArMicro»), կ.գ.թ., ասիստենտ Նաիրա Սահակյանը (թեման՝ «Բույս-մանրէ փոխհարաբերությունը՝ որպես սթրեսներին հարմարվողական արձագանքման մեխանիզմ»)։
Ծրագրի առաջին շաբաթը հագեցած է լինելու սեմինար-քննարկումներով և լաբորատոր գիտափորձերով, երկրորդ շաբաթվա ընթացքում կազմակերպվելու են հանդիպումներ և այցեր արտադրական գործարաններ: Մենթորների կապը թիմերի հետ, ինչպես նաև թիմային աշխատանքներն ու գաղափարների մշակման վերաբերյալ առաջադրանքները լինելու են առցանց հարթակում, իսկ երրորդ շաբաթվա ընթացքում թիմերը ներկայացնելու են իրենց ամփոփ գաղափարները:
Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա մրցանակաբաշխություն, որի ժամանակ հայտնի կդառնան հաղթողների անուններն ու մրցանակները:
Նշենք, որ ծրագրի կազմակերպիչներն ու գործընկերներն են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության ուսանողական խմբակն ու Հայաստանում ամերիկյան մանրէաբանական ընկերության դեսպանը: