- Գլխավոր
- Նորություններ
- ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՌԱԼԵԶՈՒ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Դեկտեմբեր 15, 2022 | 17:23
Կրթություն
Գիտություն
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՌԱԼԵԶՈՒ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ քաղաքագետ, բանասեր և փիլիսոփա Անժելա Մնացականյանի «Քաղաքագիտություն․ համառոտ հանրագիտական բառարան» գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսը:
Հանրագիտական բառարանի սկզբնական տարբերակը նվիրված է եղել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին և պարունակել է 1300 եզրույթ: Այսօր այն վերահրատարակվել է՝ ընդգրկելով նոր, ծավալուն փոփոխություններ. այժմ դրանում ներառված են շուրջ 1420 եզրույթներ:
Հանրագիտական բառարանի նպատակն է օժանդակել քաղաքագիտության զարգացող ոլորտների՝ միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, քաղաքական պատմության և տեսության ոլորտների հասկացական համակարգի, տարբեր լեզուներից փոխառված եզրույթների հայերեն համարժեք տարբերակների ընտրության և գործածման հստակեցմանը:
Հանրագիտական բառարանը չի սահմանափակվում սոսկ մասնագիտական նշանակությամբ. այն, լինելով եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն), համալսարանի երկարամյա աշխատակցի շնորհիվ նաև նպաստելու է օտարերկրացիների շրջանում Երևանի պետական համալսարանի ճանաչման բարձրացմանը:
Հատկանշական է, որ հանրագիտական բառարանը գիտահանրամատչելի է: Այն նախատեսված է հասարակության լայն շրջանակների, մասնավորապես քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ոլորտների մասնագետների, թարգմանիչների, դիվանագետների, լրագրողների, քաղաքականությամբ և փիլիսոփայությամբ հետաքրքրվողների համար:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՊՀ պատմության, տնտեսագիտության, փիլիսոփայության և հոգեբանության, հայ բանասիրության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչներ: