- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Մարտ 29, 2023 | 17:02
Կրթություն
Գիտություն
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
Մասնակիցները հիմնականում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողներ էին, որոնց ներկայացվեցին ՀՀ ֆինանսների նախարարության նպատակները և հիմնական գործառույթները մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրագործման համատեքստում, մասնավորապես՝ հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական վերլուծությունների և կանխատեսումների գործիքակազմը և այլն:
ԵՊՀ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, կարևորելով ֆինանսների նախարարության հետ այսօրինակ միջոցառումների կազմակերպումը, նշեց. «Այս համագործակցության առանձնահատկությունն այն է, որ գերատեսչությունն է հետաքրքրվածություն դրսևորել մեր կրթական ծրագրերում մասնակցություն ունենալու և մեր ուսանողներին՝ իրենց աշխատանքներում ներգրավելու, քանի որ սովորաբար մասնավոր ձեռնարկություններն են ավելի ակտիվ համագործակցում համալսարանի հետ»:
Կ. Նազարյանն ընդգծեց, որ պետական գերատեսչությունների հետ գործակցությունն ուսանողների մոտ ձևավորում է պետականամետ մտածողություն, և կոտրվում է կարծրատիպը, թե գերատեսչությունները փակ և լճացող համակարգեր են:
ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը շեշտեց. «Լինելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ և դասախոս՝ ինձ համար առանձնահատուկ կարևոր է նախարարության և համալսարանի փոխգործակցությունը: ԵՊՀ կրթությունը հնարավորություն է տալիս ոլորտում առկա խնդիրներին տալ ավելի հստակ, քանակական ու չափելի լուծումներ. նախարարությունը նպատակ ունի ներգրավելու համալսարանի գիտական ներուժը, որը կբերի նոր արդյունքներ»:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանն ընդգծեց, որ նման հանդիպումները ուսանողներին հնարավորություն են տալիս անմիջականորեն շփվելու գործատուների հետ, ինչպես նաև ֆակուլտետի շրջանավարտների հաջողությունները տարբեր ոլորտներում տեսնելու և ոգեշնչվելու:
Նշենք, որ ԵՊՀ-ում էին ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, ՄՌԿ վարչության պետ Ծովինար Բարսեղյանը, մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Գարիկ Պետրոսյանը, արտաքին հատվածի կանխատեսումների և վերլուծությունների բաժնի պետ Արշալույս Հարությունյանը, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության կոորդինացման բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Կարապետյանը: