- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոկտեմբեր 24, 2022 | 14:35
Կրթություն
Գիտություն
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, «Կովկասագիտություն» ուսումնական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը հյուրընկալվել էր «Քվանտ» վարժարանում՝ դասախոսությամբ հանդես գալու և ճանաչողական բանախոսությամբ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կառուցվածքը, պատմությունը, ուսումնական ծրագրերը և «Կովկասագիտություն» մասնագիտության առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով։
Ամբիոնի վարիչը ծավալված հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումից հետո հանդես է եկել «Արդի քաղաքական գործընթացները Կովկասում» խորագրով դասախոսությամբ։
Հանդիպմանը մասնակցում էին 10-12-րդ դասարանների հումանիտար հոսքի աշակերտներ, ինչպես նաև 8-րդ դասարանցիներ, որոնք բանախոսությունից հետո իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Էդ. Զոհրաբյանին։ Ներկա էին նաև ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը, նույն ամբիոնի նախկին դոցենտ, վարժարանի գլխավոր մեթոդիստ, պատմական գիտությունների թեկնածու Արաքսյա Սիմոնյանը և վարժարանի պատմության ուսուցչուհի Ալբինա Հարությունյանը։
Հանդիպման ավարտին Էդուարդ Զոհրաբյանն առաջարկել է աշակերտների հետ ևս մեկ հանդիպում կազմակերպել արդեն ԵՊՀ պատմության ֆակուլտետում՝ առավել ամրապնդելու ֆակուլտետ-վարժարան համագործակցությունը։ Վարժարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռոբերտ Վարդանյանն էլ պատրաստակամություն հայտնեց շարունակելու ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում տարբեր ֆակուլտետների մասնագետների՝ այսօրինակ դասախոսությունների կազմակերպումը։
Նշենք, որ առաջիկա շաբաթ օրը վարժարանում նախատեսված է համալսարանական օր. վարժարանում և ԵՊՀ-ում աշխատանքը համատեղող մասնագետները հոսքային դասարաններում ներկայացնելու են իրենց ֆակուլտետների ուսումնական ծրագրերը։