- Գլխավոր
- Նորություններ
- ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոկտեմբեր 06, 2022 | 17:19
Կրթություն
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՁԵՎԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի և իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպեց հանդիպում ի.գ.դ., պրոֆեսոր Վահե Ստեփանյանի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնելու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած հոդվածների ժողովածուի կարևոր թեմաներից մեկին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը՝ կարևորելով այսօրինակ հանդիպումների դերն ուսանողների համար: Նա փաստեց, որ ԵՊՀ-ն արժևորում է ուսանողների իրազեկված լինելը, և այս դասախոսությունը իրավական նոր գիտելիքներ ու տեղեկատվություն կտա անցումային ժամանակաշրջանի պետական կառավարման ձևի բարեփոխումների մասին:
«Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» գրքի հեղինակ Արամ Մանուկյանը բացման խոսքից հետո ընդհանուր դրույթներով ներկայացրեց նաև վերոհիշյալ երկհատոր երկի բովանդակությունը:
Այնուհետև Վ. Ստեփանյանը ներկայացրեց իր՝ «Պետական կառավարման ձևի բարեփոխումները անցումային ժամանակաշրջանում (1990-1995թթ.)» թեմայով դասախոսությունը, որն իբրև հոդված զետեղված է 2021 թվականին լույս տեսած «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» ժողովածուում:
Դասախոսությանը հաջորդեցին ակտիվ քննարկումներ: Բանախոսը հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ՀՀ անկախության հռչակագրի օրինակներ:
Հավելենք, որ ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպվող նմանօրինակ դասախոսությունների նպատակն է ԵՊՀ ուսանողներին ներկայացնել 2020-2021 թթ. Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հրատարակած «Հայաստանի Հանրապետության անկախությունը և ազատական բարեփոխումները» երկհատոր ժողովածուում ընդգրկված հոդվածները։ Ժողովածուն հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3UZYIWw: