- Գլխավոր
- Նորություններ
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 23, 2022 | 16:18
Կրթություն
Գիտություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվեցին հասարակական լսումներ ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորած «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրները և կարգավորման ուղիները» թեմայի շրջանակում:
Թեմայի ղեկավարն է աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թրահել Վարդանյանը: Վերջինս ներկայացրեց Սևանա լճի և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հիմնախնդիրները, նոր հիմնախնդիրներին ուղղված միջոցառումները և անդրադարձավ կարևոր այլ թեմաների: Ներկաները հանդես եկան առաջարկներով, ծավալվեց քննարկում:
Թ․ Վարդանյանի խոսքով՝ նախագծի առաջին փուլում վերլուծվելու և համադրվելու են տվյալ ուղղությամբ ավելի վաղ կատարված հետազոտությունները, ինչպես նաև Սևանա լճի և նրա ավազանի ջրային ռեսուրսների, ջրօգտագործման ոլորտների կադաստրային աշխատանքներ և մշտադիտարկում են կատարվելու: Նախագծի երկրորդ փուլում կատարվելու են ջրային ռեսուրսների արխիվային մշտադիտարկում, ջրօգտագործման ոլորտների անալիզ և սինթեզ: Երրորդ փուլում մշակվելու և առաջարկվելու է Սևանա լճի և նրա ավազանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման նոր պլան: Եզրափակիչ փուլում նախատեսվում է կազմակերպել Սևանա լճի և նրա ավազանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման նոր պլանի հասարակական լսումներ և քննարկումներ:
Նշենք, որ հետազոտության հիմնական նպատակն է մշակել Սևանա լճի ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարման այնպիսի պլան, որը գիտականորեն կհիմնավորի և կսահմանի ջրային պաշարների մուտքի ու ելքի հստակ ծավալները, ջրօգտագործման և ջրասպառման ռազմավարական նշանակության ոլորտները և կնպաստի լճի ու նրա ավազանի էկոհամակարգի կայունացմանն ու տնտեսության կայուն զարգացմանը:
Հավելենք, որ քննարկամանը ներկա չէին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի հիմնական ներկայացուցիչները, քանի որ ներկայացված գիտական թեման դեռևս չի քննարկվել ֆակուլտետի գիտխորհրդում, և դրա վերաբերյալ ֆակուլտետի գիտխորհուրդը դիրքորոշում և մասնագիտական կարծիք չի հայտնել։