- Գլխավոր
- Նորություններ
- ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
Նոյեմբեր 14, 2022 | 16:24
Կրթություն
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում ներկայացվեցին Գևորգ Արշակյանի անվան դրամաշնորհի շրջանակում կատարված հետազոտությունների, ինչպես նաև ֆակուլտետի ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովի արդյունքները: Հաղթող մասնակիցն արժանացավ դրամական պարգևի:
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի անվան դրամաշնորհի մրցույթը, որը նախաձեռնել էր հերոսի մայրը, նպատակ ուներ երիտասարդ հասարակագետների շրջանում խթանելու գիտահետազոտական աշխատանքի իրականացումն ու զարգացնելու գիտական միջավայրը: Դրամաշնորհի հաղթողը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Անժելա Ղալամդարյանն է:
Ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, անդրադառնալով երիտասարդ հետազոտողներին տրված հնարավորություններին, նշեց, որ ֆակուլտետի կրթական ծրագիրը, ներառյալ մագիստրոսական ծրագրերը, հնարավորություն են տալիս ներգրավվելու հետազոտական աշխատանքներում:
«Սրանից զատ՝ հնարավորության դեպքում դասախոսական կազմը ևս աշխատում է ներգրավել ուսանողներին ՀՀ ԿԳՍՄՆ գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհային ծրագրերում»,- հավելեց Ա. Մկրտիչյանը:
Ֆակուլտետի ասպիրանտ, դրամաշնորհի մրցույթի հաղթող Անժելա Ղալամդարյանը մեզ հետ զրույցում կարևորեց ֆակուլտետի ընձեռած հնարավորությունները: Խոսելով դրամաշնորհին դիմելուց՝ Ա. Ղալամդարյանն ասաց, որ դրա մասին մտածել է երկար՝ առանց հաղթելու ակնկալիքի. «Վստահ էի, որ մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերել հետազոտությանը, քանի որ այն կրում է 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի անունը: Ահա այդ գիտակցմամբ էլ աշխատել եմ»:
Անդրադառնալով հետազոտության շրջանակում կատարված ուսումնասիրություններին՝ նա ասաց, որ դրանք ՀՀ խոշորացված գյուղական համայնքներում միջխմբային սահմանազատման հիմնահարցերի մասին են: Նրա խոսքով՝ համայնքների խոշորացում կատարելիս հիմնականում ուսումնասիրվել են տնտեսական և իրավաբանական կողմերը՝ հիմքում դնելով այն փաստարկումը, որ խոշորացումն արդյունավետ է բոլոր բնակավայրերի բյուջեները միավորելու տեսանկյունից:
«Կան բազմաթիվ սոցիոլոգիական խնդիրներ, որոնք առաջանում են անհատական կենսափորձի մակարդակում, երբ բարձրաձայնվում են նրանց՝ նույն համայնքից լինելը: Ամենամեծ խնդիրը կենտրոնի և ծայրամասի բնակիչների միջև կոնֆլիկտներն են՝ կապված ոչ ընդհանուր համայնքի մաս կազմելու ընկալումների հետ»,- ընդգծեց Ա. Ղալամդարյանը:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտի խոսքով՝ այսօրինակ դրամաշնորհները շատ կարևոր են հատկապես ասպիրանտների համար ատենախոսությունը գրելիս:
«Հետազոտություններ կատարելիս մի շարք խնդիրներ են առաջանում, իսկ առանց դրամաշնորհների դրանք հաղթահարելը բավականին բարդ է: Իմ դեպքում այն ինչ-որ առումով նպաստեց ատենախոսությանս փոքրիկ հատվածը գրելուն»,- ամփոփելով խոսքը մատնանշեց Ա. Ղալամդարյանը:
Հատկանշական է, որ ֆակուլտետում կազմակերպվում են գիտական մտքի զարգացմանն ուղղված տարբեր ձևաչափի միջոցառումներ: Օրերս կազմակերպվել էր ֆակուլտետի ՈՒԳԸ ամենամյա երիտասարդական գիտաժողովը, որի շրջանակում յոթ ուսանողներ ներկայացրել էին զեկույցներ, որոնց հիմնական թեմատիկ ուղղություններն էին սոցիոլոգիան, սոցիալական աշխատանքը, կոնֆլիկտաբանությունը, հանրային կապերը և մարդկային ռեսուրսների կառավարումը:
Նշենք, որ մասնագիտական հանձնաժողովից կազմված խումբն ընտրել է գիտաժողովի լավագույն զեկուցողների, որոնց այսօր ֆակուլտետի դեկանը պարգևատրեց մասնագիտական գրքերով, իսկ գիտաժողովի առաջին հորիզոնականը զբաղեցրած ուսանողն արժանացավ դրամական պարգևի:
Հաղթող մասնակցի՝ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Արմինե Ղալամդարյանի խոսքով՝ հաղթանակն իր համար չափազանց պարտավորեցնող է: Ըստ նրա՝ կարևոր է գիտական գործունեություն ծավալող ուսանողներին ամեն կերպ օգնելը, իսկ ֆակուլտետն այդ գործում մեծ ջանքեր է ներդնում: