- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՅՍ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ Է ԱՆՀԱՏԻՆ»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Սեպտեմբեր 01, 2021 | 16:38
Կրթություն
«ԱՅՍ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ Է ԱՆՀԱՏԻՆ»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր ընդունեց իր առաջինկուրսեցիներին։
ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ողջունեցին ու շնորհավորեցին առաջինկուրսեցիներին։
Միջոցառման սկզբում ֆակուլտետի դեկանը ողջունեց ներկաներին և մեջբերեց ԵՊՀ դասախոս, փ․ գ․ թ․ Հ. Հովհաննիսյանի խոսքերը. «Ուզո՞ւմ եք իմանալ ինչպիսի ապագա ունի այս կամ այն ժողովուրդը, ուսումնասիրեք նրա կրթական համակարգը»։
Հ․ Սարգսյանն ուսանողներին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, ծանոթացրեց ամբիոնների վարիչների և ուսումնական ծրագրերի ղեկավարների հետ, խոսեց ուսումնառության տարիների ու ավարտելուց հետո աշխատաշուկայում տեղ գտնելու մասին։
«Ես գրեթե կես դար հիշում եմ այս արտահայտությունը. «Ի՞նչն է վեր մարդկային հնարավորություններից, եթե ոչ պահանջմունքները»։ Պահանջմունքները փոխվում են, իսկ մենք հենց այդ պահանջմունքներն ուսումնասիրողներն ենք»,- ասաց դեկանը՝ փաստելով, որ հենց սրա պատճառով տնտեսագիտությունն ամենագրավիչ մասնագիտություններից մեկն է։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, որը ֆակուլտետի շրջանավարտներից է, ողջունելով ներկաներին, խոսեց համալսարանական կրթության, մարդու համակողմանի զարգացման կարևորության մասին։
«Չնայած նրան, թե որ ֆակուլտետն եք ընտրել, դուք համալսարանը կավարտեք որպես կիրթ մարդ, որը, բացի իր խորը մասնագիտական գիտելիքներից, ծանոթ կլինի նաև համաշխարհային պատմությանը, գրականությանը, լեզուներին։ Դուք լինելու եք մարդ, որը ստացել է ոչ թե կոնկրետ կրթություն, այլ համալսարանական կրթություն։ Այս համակողմանի կրթությունը ձևավորելու է անհատին»,- ասաց նա։
Մ․ Գալստյանը նշեց, որ տնտեսագիտությունը մաքուր գիտություն է, իսկ գիտության մեջ հաջողելու համար անհրաժեշտ են ջանք և հետևողականություն։
Ողջույնի խոսքերից հետո ֆակուլտետի դեկանն ամենաբարձր առաջադիմությամբ ֆակուլտետ ընդունված ուսանողներին անձամբ հանձնեց նրանց ուսանողական տոմսերը։