- Գլխավոր
- Նորություններ
- ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 24, 2022 | 14:58
Կրթություն
Ուսանողական
ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ դատական նիստերի դահլիճում իրավագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Բանավեճի առաջնության՝ «ՀՀ-ի անցումը կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին արդարացված է» խորագրով խաղ-մրցույթը:
Բանավեճի մասնագիտացված ակումբը շարունակական հաջողություններ գրանցելուց հետո մեկնարկել է նոր՝ աշնանային առաջնությունը, որի բաղկացուցիչ մաս կազմող նախապատրաստական դասընթացների ավարտից հետո այդ փուլը հաղթահարած մասնակիցներն ընդգրկվել են շուրջ 6 տարբեր խմբերում. նրանք յուրաքանչյուր շաբաթ բանավիճելու են արդիական թեմաների շուրջ եզրափակիչ փուլ հասնելու համար։ Առաջին խաղին մասնակցում էին «Ֆորս-մաժոր» և «Spotlight» թիմերը:
Մրցույթի «դատավորներն» էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ, փաստաբանական դպրոցի ունկնդիր, ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Դավիթ Թովմասյանը և քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ Խաչիկ Աբաջյանը:
Անդրադառնալով բանավիճելու հմտություններին՝ Դավիթ Թովմասյանը նշեց. «Բանավիճելիս մշտապես գծե՛ք ձեր սահմանները և մնացե՛ք «խաղադաշտում»․ այդ դեպքում հաղթանակը միանշանակ կլինի, իսկ բովանդակային բանավեճը՝ ապահովված»:
Թիմերը, ուսումնասիրելով երկրում տեղի ունեցած դրական և բացասական փոփոխությունները, վերհանելով կառավարման ձևերի առանձնահատկությունները և հիմնվելով միջազգային փորձի վրա, ցույց տվեցին փայլուն խաղ, որի վերջնարդյունքում միավորների չնչին տարբերությամբ այս փուլի հաղթող ճանաչվեց «Spotlight» թիմը։
Նշենք, որ Բանավեճի մասնագիտացված ակումբի շրջանակում կազմակերպված առաջնության ընթացքում մշտապես արծարծվելու են ամենաարդիական թեմաները, հատկապես առանցքային կարևորության օրենսդրական նախագծերը, գործող օրենքները, առկա հիմնախնդիրները, ինչն էլ մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում: