- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐ» ԾՐԱԳՐԻ 4-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Մարտ 10, 2023 | 17:06
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՄՐՑԱՆԱԿՆԵՐ» ԾՐԱԳՐԻ 4-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում այսօր տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ԵՊՀ 16 ուսանողներ արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի:
Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Վարդան Ամալյանի, Էրիկ Գևորգյանի, Վաչագան Մանուկյանի, Վահագն Թումասյանի, Ռուբեն Համբարձումյանի և եզդի հերոսների հիշատակին նվիրված կրթամրցանակների նպատակն է խրախուսել երիտասարդ մասնագետներին՝ նպաստելով կրթության և գիտության առաջընթացին։
Ծրագիրը գործում է ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի, հայ բանասիրության, պատմության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում և ֆիզիկայի ինստիտուտում։ Կրթամրցանակների հաղթողներին ընտրել են ֆակուլտետային հանձնաժողովները՝ թեկնածուների ներկայացրած հայտերի և հարցազրույցների արդյունքների հիման վրա։
Նշենք, որ նախորդ մրցույթի մրցանակակիրները հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակին։
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը։ Երաժշտական կատարումներով հանդես են եկել կենտրոնի երգչախումբը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ոսկի սերմեր» ծրագրի կրթամրցանակակիրները։