- Գլխավոր
- Նորություններ
- ԱՅՍՕՐ «ԳՈՒԳԼ» ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՌՆՈՒՄ Է 20 ՏԱՐԵԿԱՆ
Սեպտեմբեր 27, 2018 | 14:25
Կրթություն
Հասարակություն
ԱՅՍՕՐ «ԳՈՒԳԼ» ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԴԱՌՆՈՒՄ Է 20 ՏԱՐԵԿԱՆ
«ysu.am»-ն անդրադառնում է ամենահաջողակ համակարգի ստեղծման պատմությանը, մինչև անցած տարի ամենաշատ տրվող հարցերին ու «Գուգլ» ընկերության այս տարվա հայտարարությունը:
Սթենֆորդի համալսարանի ուսանողները՝ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, ովքեր 1996 թվականից աշխատում էին «BackRub» որոնման համակարգ ստեղծելու ուղղությամբ, 1998 թվականին ստեղծեցին «Գուգլ» որոնման նոր համակարգը։
Այս համակարգն ընդամենը մի քանի տարում գրավեց ոչ միայն գիտական ընկերության ուշադրությունը, այլև Սիլիկոնյան հովտի ներդրողներինը: Երկու ընկերներին վճարված 100.000 դոլարով ստեղծվեց «Google Inc» ընկերությունը: Լարին և Սերգեյը Կալիֆորնիայի արվարձաններից մեկում սկսեցին կահավորել իրենց առաջին գրասենյակը, որը գտնվում էր ավտոտնակում: Հետաքրքիր է, որ ավտոտնակը պատկանում էր YouTube-ի ներկայիս տիրոջը: Գրասենյակի կահույքի մաս էին կազմում հսկայական համակարգիչները, սեղանի թենիսը և կարմիր գորգը: Ինտերիերում կարմիր երանգներ օգտագործելու ավանդույթը պահպանվել է մինչև օրս:
2017 թվականի դեկտեմբերի 12-ին «Գուգլը» հրապարակել է հոլովակ, որը ցույց է տալիս, թե այդ թվականին ինչ են որոնել համացանցի օգտատերերը: Ամենաշատը տրվող հարցերից ամենահետաքրքիրները «ysu.am»-ն առանձնացրել է.
• Ինչքա՞ն հեռու են կարող թռչել հյուսիսկորեական հրթիռները,
• Ինչքա՞ն կարժենա Պատը (խոսքը Թրամփի հրամանով ԱՄՆ սահմանին կառուցվող պատի մասին է),
• Ինչքա՞ն շատ են աշխարհում փախստականները,
• Ինչպե՞ս ամրացնել պատուհանները (օրինակ՝ փոթորիկների ժամանակ),
• Ինչպե՞ս հանգստացնել շանը փոթորկի ժամանակ,
• Ինչպե՞ս օգնել ջրհեղեղից տուժածներին,
• Ինչպե՞ս օգնել փախստականներին,
• Ինչպե՞ս հետևել արևի խավարմանը,
• Ինչպե՞ս դառնալ ուժեղ կին,
• Ինչպե՞ս դառնալ լավ ծնող,
• Ինչպե՞ս դառնալ սուպերհերոս և լինել անվախ,
• Ինչպե՞ս շարժվել առաջ:
Այսօր «Գուգլն» ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է (79.65 %)։ Այն ամսական ընդունում է ավելի քան 41 միլիարդ 345 մլն հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 միլիարդ վեբէջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով:
«Այսօր, ինչպես և 20 տարի առաջ, մենք փնտրում ենք լավագույն լուծումները: Մենք ունենք ավելի քան 60.000 աշխատակից աշխարհի 50 երկրներում: Մեր ապրանքանիշներից, որոնց ցանկում են նաև YouTube, Android, Smartbox և Google Поиск, ամբողջ աշխարհում օգտվում են միլիարդավոր մարդիկ: Իհարկե, մենք դադարել ենք լեգոներից սերվերներ հավաքել, ինչպես առաջ էինք անում, ու որդեգրել ենք ևս մի քանի շուն, բայց մի կասկածեք՝ աշխարհը դեպի լավը փոխելու մեր ցանկությունը մնացել է անփոփոխ»,- նշում է «Գուգլ» ընկերությունը: