- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ-ԻՆ ՓՈԽԱՆՑԵԼԸ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ
Հոկտեմբեր 28, 2022 | 16:05
Կրթություն
Գիտություն
«ԻՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ-ԻՆ ՓՈԽԱՆՑԵԼԸ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ
Առնոլդ Վարդանյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս է, վերջերս է վերադարձել Միացյալ Թագավորությունից, որտեղ գնացել էր՝ շարունակելու իր մասնագիտական կրթությունը։ Նրա հետ զրուցել ենք ԵՊՀ-ում և արտերկրում ստացած կրթության, անցած ուղու, դասավանդման սեփական մեթոդների, առաջիկա նպատակների և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ դասախոսն այս պահին զբաղեցնում է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնը և միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բարձր դատարանների ցանցում։
Անդրադառնալով համալսարանի ու մասնագիտության ընտրությանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Դա եղել է իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունը. տարիներ շարունակ աշխատելով այս ոլորտում՝ հասկանում և գնահատում եմ իմ մասնագիտության կարևորությունն ու արժեքը»:
Համալսարանական կրթությանը զուգահեռ՝ Ա. Վարդանյանը սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում, ապա՝ Լատվիայում՝ Ռիգայի իրավունքի դպրոցում, ուսումնական այցեր կատարել Եվրոպական միության կառույցներ՝ տեղակայված Բրյուսելում, Լյուքսեմբուրգում և այլուր։ Միաժամանակ մասնակցել է միջազգային կրթական մի շարք ծրագրերի այլ երկրներում։
«Հարազատ ֆակուլտետում մոտավորապես տասը տարի սովորելուց հետո որոշեցի դիմել Միացյալ Թագավորության կառավարության հեղինակավոր «Չիվնինգ» կրթաթոշակին: Ունենալով ընտրության հնարավորություն՝ բրիտանական մի քանի համալսարաններից նախապատվությունը տվեցի Էդինբուրգի համալսարանին»,- պատմեց Ա. Վարդանյանը:
«Կյանքիս ամենաբարդ, սակայն ամենաճիշտ որոշումներից էր արտասահմանում կրթությունս շարունակելը: Ընտրություն, որն ինձ հնարավորություն տվեց ձեռք բերելու միջազգային փորձ և վերարժևորելու այն ամենը, ինչ ունեմ։ Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում փորձել եմ բացահայտել աշխարհն այլ աչքերով, ընդ որում՝ ոչ միայն մասնագիտական, այլև մշակութային առումով»,- ասաց Ա. Վարդանյանը:
Առնոլդ Վարդանյանն ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանում ստացած կրթությունն իրեն շատ է օգնել Միացյալ Թագավորությունում ուսանելիս:
«ԵՊՀ-ում սովորել եմ ճկուն մտածել, և դա մեծ կարևորություն ունի թե՛ մասնագիտության մեջ, թե՛ կյանքում: Իմ գիտելիքների հիմքը ստացել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և այժմ իմ ներուժը փորձում եմ կիրառել դասավանդման մեջ՝ դասախոսական միջազգային փորձը և դասավանդման առանձնահատկությունները ԵՊՀ-ին փոխանցելով։ Վերջինս իմ առաջնային նպատակներից է»,- նշեց մեր զրուցակիցը:
Այժմ Ա. Վարդանյանը փորձում է առավելագույնս կիրառել իր ստացած կրթությունը, փորձն ու հմտությունները՝ ուսանողներին ոգեշնչելով, մասնագիտական տարբեր ծրագրեր կյանքի կոչելով:
Խոսելով միջազգային կրթական բնագավառում ուսումնառության էական նշանակությունից՝ Ա. Վարդանյանն ընդգծեց. «Արտասահմանում սովորելը ընձեռում է սեփական կարողությունների բացահայտման, նոր կապերի ստեղծման հնարավորություններ։ Մեկնելուց առաջ էլ ինձ համար նոր գիտելիքներ ստանալն անչափ կարևոր էր, բայց առաջնային էր նաև աշխարհայացքի ընդլայնումը»:
«Երևույթներին միշտ պետք է նայել նաև հակառակ կողմից, տարբեր դիտանկյուններից, և պետք է գտնել ոչ միայն ճիշտ, այլ նաև նորարարական ու համարձակ լուծումներ: Միաժամանակ անհրաժեշտ է լինել ազնիվ, բարեխիղճ և պրոֆեսիոնալ. այս երեք սկզբունքներն ինձ համար անկյունաքարային են»,- ընդգծեց ԵՊՀ դասախոսը:
Ամփոփելով խոսքը՝ Ա․ Վարդանյանը մի քանի խորհուրդ տվեց ուսանողներին՝ սովորել օտար լեզուներ, բացահայտել նորը, փնտրել տարբեր ծրագրեր ու կրթաթոշակներ և դիմել դրանց:
Կարինե Հովհաննիսյան