- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ ՏՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ». ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նոյեմբեր 10, 2022 | 15:30
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ ՏՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ». ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Լիլիթ Գրիգորյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստացել Գերմանիայի Սաարլանդի համալսարանում: Լիլիթը պատմել է մասնագիտության ընտրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և արտասահմանում ստացած կրթության մասին:
Պատմում է ինքը՝ Լիլիթը։
Բնագիտական ոլորտի մասնագետ դառնալու մեծ ձգտումն ինձ բերեց ԵՊՀ:
Ավագ դպրոցում խորությամբ ուսումնասիրելով բնագիտական ուղղվածության առարկաները՝ հասկացա, որ կենսաքիմիան այն ոլորտն է, որն ինձ ամենաշատն է հետաքրքրում: Դեռ վաղ տարիքից վստահ էի, որ միայն ԵՊՀ-ում կարող եմ ոլորտի վերաբերյալ համակողմանի գիտելիքներ ստանալ և վստահաբար կարող եմ ասել՝ դա իմ լավագույն ընտրություններից էր:
Արտասահմանում ուսանելիս համոզվեցի, որ ԵՊՀ տված գիտելիքները համապատասխանում են կրթության միջազգային չափանիշներին:
Նախքան ԵՊՀ ընդունվելս չէի կարող պատկերացնել, որ այն ընձեռելու է այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են փոխանակման ծրագրերով ուսումն արտասահմանում շարունակելն ու միջազգային փորձին ծանոթանալը: Կարծում եմ, առավելություն է նաև մեր համալսարանը միջազգային հարթակներում ներկայացնելը, և շատ հաճելի է տեսնելը, թե ինչպես են քո մասնագիտական խոր գիտելիքները օտարկերյա ուսանողների և գիտնականների շրջանում հիացմունքի արժանանում:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ստացած կրթությունս հիմք դարձավ հեշտությամբ յուրացնելու օտարերկրյա դասախոսների փոխանցած գիտելիքները:
Գերմանիայի Սաարլանդի համալսարանում նույնպես կրթական արդյունավետ մոտեցումներ էին կիրառվում: Սաարլանդի համալսարանում աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ էր ինքնուրույնություն դրսևորել. պետք է կարողանալ առանց ուղղորդման գտնել ինչպես նոր տեղեկություններ, այնպես էլ դրանք կիրառել տարբեր փորձեր կատարելիս։ Բացի դրանից՝ պրակտիկումների ժամանակ յուրաքանչյուր ուսանող ունի իր անձնական աշխատանքային տարածքը, որտեղ կազմակերպում էր իր աշխատանքը։ Նմանատիպ մոտեցումը, կարծում եմ, բավականին արդյունավետ է կրթություն ստանալիս:
Բացի արտասահմանում կրթություն ստանալուց՝ ԵՊՀ փոխանակման ծրագրերը ընձեռում են այլ հնարավորություններ ևս:
Հետաքրքիր է հայտնվել օտար երկրում և կրթություն ստանալուց զատ՝ հնարավորություն ունենալ լինելու եվրոպական նաև այլ երկրներում ևս: Շրջելով տարբեր երկրներով ու քաղաքներով՝ ոչ միայն ձեռք ես բերում բանիմաց ընկերներ, որոնցից կարող ես շատ բան սովորել, այլև ծանոթանում ես տարբեր ազգերի մշակույթներին: Այս ամենից զատ՝ հնարավորություն ես ունենում պատմելու Հայաստանի և մեր երկրի՝ համաշխարհային պատմության մեջ թողած մեծ ավանդի մասին:
Փոխանակման ծրագրերը ոլորտում լավ մասնագետներ դառնալու երաշխիքներից են:
Ուսանողներին խորհուրդ եմ տալիս, առանց վայրկյան իսկ երկմտելու, դիմելու փոխանակման ծրագրերի: Վստահաբար կարող եմ ասել, որ դա կտա մեծ փորձառություն, կնպաստի ընտրած բնագավառում լավագույնս մասնագիտանալուն և հմտանալուն, ինչպես նաև կպարգևի անմոռանալի բազմաթիվ հիշողություններ։
Մարինե Մկրտչյան