- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԳԻՏՆԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԻՍ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»․ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԿԱՐԱԼՅԱՆ
Հոկտեմբեր 25, 2022 | 17:19
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԳԻՏՆԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԻՍ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»․ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԿԱՐԱԼՅԱՆ
Մարգարիտա Կարալյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է: Նրա հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ապագայում գիտական ուղի սկսելու, այդ ուղղությամբ կատարված մեկնարկային քայլերի և այլ հարցերի շուրջ:
Պատմում է ինքը՝ Մարգարիտան:
Ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունս մեծ էր դեռևս դպրոցական տարիներից: Երբ ուսուցիչս ասաց, որ ֆիզիկան հնարավորություն է տալիս չբացահայտվածը բացահայտելու և ուսումնասիրելու, յուրաքանչյուր անելանելի իրավիճակից ելք գտնելու, ինչպես նաև հասկանալու, որ կատարված աշխատանքները ի նպաստ մարդկության են, հասկացա, որ իմ նպատակը հենց ֆիզիկոս դառնալն է:
Այժմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում սովորելով ու ստանալով համակողմանի գիտելիքներ՝ ինձ համար հասկանալի է դառնում այն, որ ֆիզիկան ամենահետաքրքիր գիտություններից է. մի ելքը գտնում ես ու առաջանում են նոր հարցեր, որոնք կրկին ուսումնասիրման կարիք ունեն և կարող են ծնունդ տալ նոր բացահայտումների: Օրինակ՝ 100 տարի առաջ գիտնականները մտածում էին, որ ֆիզիկան ամբողջովին ուսումնասիրել են, բայց դրանից որոշ ժամանակ անց բացահայտվեց քվանտային ֆիզիկան:
Երազում եմ գիտնական դառնալու մասին, և համալսարանն ընտրեցի երազանքիս հասնելու համար: Այդ ճանապարհին ինձ ոգևորում ու քաջալերում են իմ դասախոսները, ընկերները և հայրս: Ինձ համար շատ կարևոր է, որ նրանք հավատում են, որ կարող եմ անվանի գիտնական դառնալ: Ի դեպ, հայրս նույնպես գիտությամբ է զբաղվում, և ես, կարելի է ասել, շարունակում եմ նրա ուղին:
Ամեն անգամ՝ նոր բան բացահայտելիս, փոխվում է իմ աշխարհայացքը, և շատ եմ ուզում, որ այն ոգևորությունն ու ուրախությունը, որ զգում եմ ֆիզիկան ուսումնասիրելիս, զգան բոլորը: Ցանկանում եմ ինչ-որ ձևով նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, միաժամանակ փորձում եմ երեխաների մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնել ֆիզիկայի հանդեպ, մի խոսքով՝ ձգտում եմ անել ամեն բան, որ բոլորը սիրեն գիտությունը և հետաքրքրվեն դրանով:
Արդեն սկսել եմ գիտության տարածմանն ուղղված առաջին քայլերս: ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի շրջանակում ցուցադրել եմ գիտափորձեր, որոնք ի հայտ են բերում ֆիզիկայի բնույթն ու յուրօրինակությունը: Ներկաները, տեսնելով դրանք, սկսեցին հետաքրքրվել ֆիզիկայով, և դա ինձ համար շատ ոգևորիչ էր:
Թեև առաջին կուրսում եմ սովորում, բայց արդեն մտածում եմ գիտական գործունեություն ծավալելու մասին: Նպատակ ունեմ խորացնելու գիտելիքներս աստղաֆիզիկայի ոլորտում, քանի որ դա այն բնագավառն է, որը ներառում է ֆիզիկայի բոլոր ուղղությունները: Շատ բարդ է հասկանալ այն, թե ինչ է կատարվում տիեզերքում, բայց մյուս կողմից էլ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, շատ գեղեցիկ է:
Եթե մարդիկ քայլելիս ոչ միայն ներքև նայեն, այլև վերև, կնկատեն իրենց շրջապատող գեղեցկությունը: Որքան էլ կյանքում դժվարություններ լինեն, միշտ հնարավոր է գտնել գեղեցիկը. իմ կարծիքով՝ տիեզերքը դրա վառ վկայությունն է:
Համոզված եմ, որ կրթությունս շարունակելով ԵՊՀ-ում ու հարստացնելով գիտելիքներս՝ կկարողանամ հասնել գիտնական դառնալու երազանքիս և իմ ավանդը կներդնեմ երկրիս բարգավաճման գործում:
Կարինե Հովհաննիսյան