- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՌՈՒՅՑ Է, ՈՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՉ ՕՐԻՆԱՉԱՓ ՁԵՎՈՎ ՄՏԱԾԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԵՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Նոյեմբեր 02, 2022 | 15:52
Կրթություն
Ուսանողական
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՌՈՒՅՑ Է, ՈՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՉ ՕՐԻՆԱՉԱՓ ՁԵՎՈՎ ՄՏԱԾԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԵՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Բարսեղյանն ակտիվորեն մասնակցում է միջազգային տարբեր ծրագրերի: Մեզ հետ զրույցում Մերին պատմել է համալսարանի ընտրության, իր հաջողություններում ԵՊՀ-ում ստացած գիտելիքների կարևորության ու կիրառական նշանակության, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին:
Պատմում է Մերի Բարսեղյանը...
Բնավորությանս որոշ գծեր համապատասխանում են միջազգայնագետին բնորոշ առանցքային հատկանիշների:
Աշխարհաքաղաքական զարգացումներին, պետություններում տեղի ունեցող փոփոխություններին և տարաբնույթ խնդիրների լուծման ուղիներին հետևելը վաղ տարիքից հետաքրքրում էին ինձ: Այս ամենն իմանալու ձգտումն էլ ինձ անվարան ուղղորդեց դեպի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ստացած գիտելիքները հնարավորություն են տալիս միջազգային հարթակներում լավագույնս ներկայանալու:
Ուսումնառությանս ընթացքում մասնակցել եմ տարաբնույթ ծրագրերի և վստահաբար կարող եմ ասել՝ ԵՊՀ ուսանողը համալսարանի տված գիտելիքների շնորհիվ համաշխարհային կրթական ասպարեզում հավուր պատշաճի ներկայանալու հնարավորություն ունի։ Վերջերս Ալբանիայի մայրաքաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի երիտասարդական խորհրդարանի 9-րդ նստաշրջանում, որին, ի դեպ, մասնակցում էին աշխարհի 27 երկրի ներկայացուցիչներ, ինձ վստահված աշխատանքը բարեհաջող ներկայացրել եմ հենց Երևանի պետական համալսարանում ստացած գիտելիքների ու հմտությունների շնորհիվ:
Լինելով ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ՝ ձգտում եմ կառույցի շրջանակում կազմակերպվող միջոցառումների շնորհիվ նպաստել ուսանողների աշխարհայացքի ընդլայնմանն ու նոր գիտելիքների ձեռքբերմանը:
Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն մշտապես խրախուսում է ուսանողների ներգրավվածությունը գիտական և հետազոտական աշխատանքներում։ Այս ամենից բացի՝ կազմակերպվում են գիտաճանաչողական այցեր, օրինակ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Ազգային ժողով և այլն։ Հաճախ պանելային քննարկումներ ենք անցկացնում, որոնք հնարավորություն են տալիս ոլորտի լավագույն մասնագետների հետ քննարկելու մասնագիտական արդի հիմնախնդիրները, ստանալու բազմաթիվ հարցերի պատասխաններ և այլն։
ԵՊՀ-ն ինձ համար սոսկ կրթօջախ չէ:
Այն անգնահատելի արժեք է, որը դաստիարակում և սովորեցնում է լինել յուրօրինակ անհատականություն։ Համալսարանը կառույց է, որը սովորեցնում է ոչ օրինաչափ ձևով մտածել ու գործել: Նաև այս է պատճառը, որ որոշել եմ կրթությունս շարունակել հարազատ ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերից որևէ մեկում: Հույս ունեմ, որ գիտելիքներս կկիրառեմ՝ ի բարօրություն իմ ազգի և պետության:
Մարինե Մկրտչյան