- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
Նոյեմբեր 14, 2022 | 15:19
Կրթություն
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում կրթության որակի բարելավման, ուսանողների գործնական հմտությունների ամրապնդման և մի շարք այլ ուղղություններով շարունակաբար իրականացվում են բարեփոխումներ: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարի ներդրվել է կրթության կազմակերպման ժամանակակից նոր ձևաչափ՝ «Պրակտիկում» անվանմամբ, ինչպես նաև հիմնադրվում է փորձարարական հեռուստաընկերություն:
Ֆակուլտետում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրուցել ենք ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ:
- Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս որոշվեց «Պրակտիկումի» մշակումը և գործընկեր լրատվամիջոցների հետ այն իրականացնելու գաղափարը:
- Ուսումնական գործընթացի կազմակերպման համար ուղենշային են համալսարանի և ֆակուլտետի ռազմավարական ծրագրերը, սակայն կրթության որակը բարելավելու, նոր և նորարարական լուծումներ գտնելու, ներդնելու համար մենք ուսումնասիրում ենք նաև ուսանողների շրջանում շարունակաբար անցկացվող սոցհարցումների ադյունքները, ֆակուլտետի գիտական խորհրդի և ամբիոնների նիստերում հանգամանորեն քննարկում ենք նրանց կարծիքները, մտահոգություններն ու առաջարկները:
Մեզ համար կարևոր է նաև բուհ-աշխատաշուկա արդյունավետ կապը․ հիմնական խնդիրը, որ մատնանշում էին լրատվադաշտի մեր գործընկերները և հատկապես ուսանողները, ձևակերպենք այսպես. ուսումնական գործընթացում գործնական աշխատանքին, պրակտիկ հմտություններին հատկացված ժամաքանակն անհրաժեշտ է ավելացնել։
Իրականում մասնագիտական դասընթացներում տեսական և գործնական ժամերի հարաբերակցությունը տատանվում է 30-70%-ի միջակայքում: Սակայն այս ուսումնական տարին առանձնանում է նրանով, որ կյանքի է կոչվում ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեր գործընկերների հետ քննարկումների ընթացքում մշակված՝ կրթության կազմակերպման նոր ձևաչափը, որն իրականացվում է գործընկեր լրատվամիջոցների հետ:
- Ինչպե՞ս է կազմակերպվում «Պրակտիկումը»:
- Երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները շաբաթական մեկ օր այցելում են որևէ լրատվամիջոց հետևյալ սկզբունքով․երրորդ կուրսի առաջին կիսամյակում՝ տպագիր մամուլի խմբագրություններ և ռադիոընկերություններ, երրորդ կուրսի երկրորդ կիսամյակում՝ հեռուստաընկերություններ և առցանց ԶԼՄ ընկերություններ, չորրորդ կուրսի առաջին կիսամյակում՝ վերը թվարկված զանգվածային բոլոր լրատվամիջոցներ, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայություններ՝ առաջնորդվելով ավարտական աշխատանքի թեմատիկ ընդգրկմամբ:
- Ֆակուլտետային բարփոխումների շարքում է նաև փորձարարական հեռուստաընկերության հիմնումը: Ի՞նչ նոր հնարավորություններ այն կընձեռի ֆակուլտետին և ուսանողներին:
- Այո՛, երկրորդ նոր և կարևոր գաղափարը, որը կյանքի ենք կոչում, փորձարարական հեռուստաընկերության հիմնումն է:
Ուսանողներին գործնական հմտություններ փոխանցելու համար 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակում կստեղծվի յութուբյան ալիք, որտեղ կցուցադրվեն ուսանողների հաղորդաշարերը (նաև ուղիղ եթերում): Նախատեսում ենք, որ այս բարեփոխումները ֆակուլտետը կդարձնեն իրար փոխլրացնող՝ ակադեմիական և արտադրական միջավայր:
Մարինե Մկրտչյան