- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ԸՆՏՐԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՄ ՁԳՏՄԱՄԲ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԶԱՐՈՒՀԻ ԲԵՋԱՆՅԱՆ
Նոյեմբեր 07, 2022 | 13:31
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-Ն ԸՆՏՐԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ԼԱՎԱԳՈՒՅՆԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՄ ՁԳՏՄԱՄԲ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԶԱՐՈՒՀԻ ԲԵՋԱՆՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Զարուհի Բեջանյանը համալսարանական ակտիվ կյանքով է ապրում: Նա մեզ հետ զրույցում պատմել է համալսարանի, կրթական ծրագրերի ընձեռած հնարավորությունների, իր հաջողություններում կրթության կարևորագույն դերի մասին:
Պատմում է Զարուհին:
ՀՀ համալսարանների շարքում ԵՊՀ-ն ուրույն տեղ ունի։
ԵՊՀ-ն ընտրելը պայմանավորված էր լավագույնին հասնելու իմ ձգտմամբ, իսկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորելը չափազանց հեռանկարային և խոստումնալից է։ Այդ մասին են վկայում նաև ֆակուլտետի շրջանավարտները, որոնք դիվանագիտության ոլորտում առաջատար են։
ԵՊՀ ուսանողական կառույցները լայն հնարավորությունների հարթակ են։
Ես ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի անդամ եմ։ Ըստ իս՝ ուսանողական կառույցներում մեկտեղվում են ուսանողների առաջադեմ գաղափարները, որոնք կարող են համալսարանական կյանքը «հեղափոխել» և բեկումնային փոփոխությունների սկիզբ դառնալ։ Նշեմ, որ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի 3 դասընթացների, ինչպես նաև «Հաղորդակցություն և խոսքի մշակույթ» ծրագրի շրջանավարտ եմ։ ՈՒԽ բանավեճի ակումբի առաջնության շրջանակում ևս ձեռք եմ բերել մասնագիտական և հաղորդակցական նոր գիտելիքներ ու հմտություններ։
Բազմակողմանի զարգացվածությունը մրցակցային մասնագետ լինելու գրավականն է։
ԵՊՀ-ում սովորելուց զատ՝ կրթություն եմ ստանում նաև ուսումնական այլ հաստատություններում, ինչպես նաև որպես կամավոր ներգրավված եմ հասարակական տարբեր կազմակերպություններում՝ միաժամանակ դասավանդելով դրանց շրջանակում իրագործվող ծրագրերից մեկում։ Մասնակցում եմ միջազգային առցանց ֆորումների և կուրսերի։ Իմ համոզմամբ՝ կրթություն ստանալիս պետք է «ագահ» լինել, չբավարարվել, պահանջել, փնտրել ու գտնել՝ հետագայում ոլորտի լավագույն մասնագետների շարքը համալրելու համար։
ԵՊՀ-ում իրագործվող բազմաբնույթ ծրագրերն ու միջոցառումները նպաստում են ուսանողների բարձր առաջադիմությանը և մտավոր զարգացվածությանը:
Առհասարակ, ռոտացիոն համակարգի սկզբունքն առաջ է բերում առողջ մրցակցություն և ստիպում պահպանել զգոնությունը։ Ի դեպ, ես ստանում եմ Գոհար Մելիք-Բախշյանի անվան կրթաթոշակ, որի շրջանակում տրամադրվում է նաև անհրաժեշտ գրականություն և մասնագիտական խորհրդատվություն։
ԵՊՀ-ն լավագույն հնարավորություններ ընձեռող կառույց է։
ԵՊՀ-ն համագործակցում է աշխարհի տարբեր համալսարանների ու գիտակրթական հաստատությունների հետ։ Այստեղ գործում են փոխանակման մի շարք ծրագրեր, որոնք ուսանողին հնարավորություն են տալիս այլ երկրների կրթական չափորոշիչներին ծանոթանալու, լավագույնը որդեգրելու և այն մեր համալսարանում կյանքի կոչելու։ Բացի դրանից՝ կազմակերպվում են մի շարք հանդիպումներ ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ, ինչը ևս նպաստում է մասնագիտական գիտելիքների ամրապնդմանն ու հաստատմանը։
Դիվանագիտական դպրոցում սովորելն ապագայի իմ ծրագրերում է։
Որպես մասնագետ կայանալու գործընթացում կարևորում եմ նաև արտերկրի կրթական ոլորտի նորարարություններին քաջածանոթ լինելը, ուստի հետագա ծրագրերիս շարքում է մասնագիտական պրակտիկ հմտությունների ձեռքբերումն արտերկրում։ Մեր ֆակուլտետի շրջանավարտների համար հաջորդ նպատակակետը հիմնականում Դիվանագիտական դպրոցում սովորելն է. ես ևս բացառություն չեմ…
Մարինե Մկրտչյան