- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԱՆԱՀԻՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Նոյեմբեր 29, 2022 | 15:35
Կրթություն
Գիտություն
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ. ԱՆԱՀԻՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Անահիտ Նիկողոսյանը ԵՊՀ երկարամյա փորձ ունեցող դասախոսներից է և այն եզակիներից, որոնք իրենց կյանքը նվիրել են գիտությանը: Դոցենտ, ֆ.մ.գ.թ. Ա. Նիկողոսյանի հետ խոսել ենք նրա կենսագործունեության, դասավանդման մեթոդների, համալսարանի և աշխատանքի հանդեպ ունեցած սիրո և այլ հարցերի շուրջ:
Պատմում է Անահիտ Նիկողոսյանը:
Աշխատանքային ուղին
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրան: Սովորելուն զուգահեռ՝ արտասահմանում մասնակցել եմ տարբեր կոնֆերանսների, հանրաճանաչ գիտնականների հետ աշխատել եմ Միացյալ Թագավորությունում և Գերմանիայում: 1973 թվականից աշխատում եմ ԵՊՀ-ում, սկզբից որպես կրտսեր գիտաշխատող և լաբորանտ, այնուհետև՝ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս:
Դասավանդելու մեթոդները և մոտեցումները
Մինչ դասի ներկայանալը մի քանի գիրք եմ թերթում, օգտվում եմ նաև սոցիալական ցանցերի տարբեր աղբյուրներից, միջազգային հեղինակավոր համալսարանների էջերում տեղադրված առցանց դասախոսություններից: Լաբորատոր աշխատանքների ժամանակ ուսանողներին ցույց եմ տալիս այն, ինչն իմ կարծիքով նրանց համար հետաքրքիր կլինի: Կարևորում եմ ժամանակակից սարքավորումների կիրառումը դասերի ժամանակ: Ամեն ինչ անում եմ, որ իմ ուսանողները տեղեկացված լինեն իրենց մասնագիտության բոլոր յուրահատկություններից, ստանան գիտելիքի առավելագույն պաշար, որը հետագայում կկիրառեն աշխատանքային գործունեության մեջ:
Ուսանողներն ինձ համարում են իրենց ընկերը, ինչն աշխատանքիս ամենամեծ վարձատրությունն է:
Բացահայտելով կանանց իրական դերը
Պատմությունը ցույց է տվել՝ որքան ուժեղ է հայ կինը: Երբ հայրենիքի նվիրյալ զավակները մարտի դաշտում կռիվ են տվել, հայ կինը հերոսաբար մարտնչել է նրանց թիկունքում՝ լինելով սակավապետ և իր կյանքը նվիրելով ընտանիքին ու հայրենիքին:
Աշխատանքի առաջարկներ՝ տարբեր երկրներից
Բազմիցս ստացել եմ արտերկրում աշխատելու առաջարկներ, սակայն վայրկյան իսկ չեմ մտածել Երևանի պետական համալսարանում աշխատանքս դադարեցնելու մասին: Անգամ առաջարկ եմ ստացել միջազգային հեղինակավոր կազմակերպություններից, սակայն դարձյալ ընտրել եմ հարազատ բուհում աշխատելը:
ԵՊՀ-ում իմ աշխատանքն ու առօրյան մեկտեղված են…
Լյուդմիլա Շիրվանյան