- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԱՆԻ ԿՈՋՈՅԱՆ
Հունվար 20, 2023 | 10:12
Կրթություն
Գիտություն
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԱՆԻ ԿՈՋՈՅԱՆ
Անի Կոջոյանը եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի այն երիտասարդ դասախոսներից է, որոնց ուսանողական կյանքին անմիջապես հաջորդում է դասախոսականը: Ա. Կոջոյանի հետ խոսել ենք համալսարանական կյանքի, ուսանողների հետ աշխատանքի և այլ հարցերի շուրջ:
Պատմում է Անի Կոջոյանը:
Դասավանդման մեթոդները և ուսանողների հետ կապը:
Ուսանողական տարիները բավականին հետաքրքիր էին ինձ համար։ Այդ ընթացքում ես ձեռք եմ բերել ոչ միայն գիտելքիներ, այլև մեծ փորձառություն, ինչն ինձ համար հիմնային նշանակություն ունեցավ դասախոսական գործունեություն ծավալելիս։
Ուսանողների հետ աշխատելիս առաջնորդվում եմ հստակ նպատակով՝ հասնել ցանկալի վերջնարդյունքին՝ կիրառելով բազմաբնույթ կրթական մեթոդներ: Լսարան մտնելով և շփվելով նոր սերնդի հետ՝ գիտակցում եմ, որ նրանց՝ որպես մասնագետի և քաղաքացու կայացման գործում իմ ներդրումն եմ ունենալու: Ի վերջո, կարևոր է տեսական գիտելիք տալուն զուգահեռ՝ ուսանողներին նոր հմտություններով զինելը և ցույց տալը՝ ինչպես գիտելիքը ճիշտ կիրառել աշխատելիս: Առաջնային եմ համարում նաև նրանց աշխարհայացքի ու արժեհամակարգի ձևավորումը։ Այս ամենի միասնությունն էլ տարեվերջին ցանկալի վերջնարդյունք ստանալու գրավականն է։
Արիզոնայի համալսարանում անցնելով գենդերային հետազոտություններին առնչվող վերապատրաստման դասընթաց՝ նոր գիտելիքներով վերադարձա ԵՊՀ:
Վերապատրաստման դասընթացն անցել եմ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի «Հայաստանում գենդերային հավասարության ապահովման և կանանց հնարավորությունների ընդլայնման» ծրագրի շրջանակում: Ծրագրի շնորհիվ, բացի նոր գիտելիքներ ստանալուց, ձեռք եմ բերել նաև հրաշալի ընկերներ, որոնց հետ արդեն իսկ հետաքրքիր ծրագրեր ենք իրագործել:
Ինձ համար ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ շուրջս գտնվող ամեն բան…
Կրթական գործունեությունից զատ՝ հետաքրքրված եմ լուսանկարչությամբ, սիրում եմ գույներ, և գույների նկատմամբ սերն ակներև է իմ լուսանկարներում:
Ինձ միշտ ոգեշնչում է Կոմիտասի երաժշտությունը, իսկ ներշնչանքիս գլխավոր աղբյուրը որդիս է՝ Միքայելը:
Լյուդմիլա Շիրվանյան