- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ
Փետրվար 14, 2023 | 14:40
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-Ն ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՎ». ԳԱՅԱՆԵ ԼԱԼԱՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանող Գայանե Լալայանը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է: Գայանեի հետ զրույցի առանցքում ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու և վերապատրաստման միջազգային դասընթացների մասնակցելու կարևորությունն է:
Մրցույթի նշանակալի դերը
«Այս մրցույթը կարծես ուսանողական տարիներին իմ դրսևորած ակտիվ գործունեության և բարձր առաջադիմության ամփոփիչ գնահատականը լիներ»,- մեզ հետ զրույցում պատմում է լավագույն ուսանողն ու հավելում. «Հաղթանակիս գրավականը դասախոսներիս տված մեծարժեք գիտելիքն է»:
Գայանեն նշում է, որ իրենց աշխատանքն անմնացորդ նվիրումով կատարող դասախոսների շնորհիվ ուսանողները համակողմանի ուսումնասիրում են իրենց ընտրած ոլորտը, ոգեշնչվում դառնալու աշխատաշուկայում պահանջված մասնագետներ:
Վերապատրաստումները օտարերկրյա համալսարաններում
Գայանեն մասնագիտական գիտելիքների փոխանակման նպատակով մասնակցել է վերապատրաստման միջազգային դասընթացների Աախենի Ռեյնիշ-Վեստֆելիշեի տեխնիկական համալսարանում, Միջազգային հաղորդակցության ինստիտուտում (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) շրջանակում) և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում («Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում)։
Գիտական գործունեությունը
Գայանեն հեղինակել է գիտական հինգ հոդված: Ասում է` գիտության հանդեպ սերն առաջացել է երկրորդ կուրսից, և այդ գործում առանձնակի կարևոր է եղել ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության դերը:
Լավագույն ուսանողի հետաքրքրությունները
«Իմ հետաքրքրության շրջանակն ընդգրկում է հոգեֆիզիոլոգիան: Վերջերս մեր ֆակուլտետը ձեռք է բերել կենսաբանական հետադարձ կապ ապահովող սարք, ինչն ուսանողներին հնարավորություն է տալիս գործնականում կիրառելու տեսական գիտելիքները: Սարքի ձեռքբերումը և դրանով կատարվող հետազոտական աշխատանքները ևս մեկ անգամ ընդգծեցին ոլորտի զարգացման գործում ԵՊՀ նշանակալի դերակատարումը։ Համալսարանում ստացած կրթության շնորհիվ ես այժմ աշխատում եմ սպորտի հոգեբանության բնագավառում։ Սպորտը ձգտում է քայլել գիտությանը համընթաց, իսկ ԵՊՀ-ն սովորեցրել է տարբեր ոլորտների մասին խոսել գիտության լեզվով»,- ընդգծում է Գայանեն, ապա՝ հույս հայտնում. «Հետագայում ստանալով ասպիրանտական կրթություն և գործադրելով սպորտի հոգեբանության ու հոգեֆիզիոլոգիայի զարգացմանն ուղղված ջանքերս՝ կփորձեմ նպաստել Հայաստանում այդ ոլորտների զարգացմանը…»:
Մարինե Մկրտչյան