- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍ ՎԱՂԵՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՍ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է». ՀԵՂԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Նոյեմբեր 17, 2022 | 16:08
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՍ ՎԱՂԵՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՍ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼՈՒ ԳՐԱՎԱԿԱՆՆ Է». ՀԵՂԻՆԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Հեղինե Նավասարդյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է: Նրա հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության կարևորության, նպատակների, հաջողության հասնելու ճանապարհի և այլ թեմաների վերաբերյալ:
Պատմում է Հեղինեն:
Ոլորտում առաջատար մասնագետ լինելու համար կարևոր է ակադեմիական կրթություն ստանալը:
Ակադեմիական կրթությունն ինձ օգնում է լինել ոլորտում ավելի ինքնավստահ և մրցունակ մասնագետ: Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում կրթություն ստանալուն զուգահեռ՝ աշխատում եմ որպես ծրագրավորող, սակայն հետագայում ինձ տեսնում եմ կրթության և գիտության ոլորտում: Արդեն իսկ սկսել եմ որոշակի քայլեր կատարել այդ ուղղությամբ:
ԵՊՀ-ում ստացած կրթությունս վաղեմի նպատակներս կյանքի կոչելու գրավականն է։
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ստացած մասնագիտական խոր գիտելիքները նպատակիս իրականացման համար առաջին քայլը կատարելու համարձակություն տվեցին: Իմ նախաձեռնությամբ և համակուրսեցիներիս օգնությամբ այժմ դպրոցականներին սովորեցնում ենք ծրագրավորում, օգնում ենք մասնագիտական կողմնորոշման հարցում և փորձում ձևավորել, այսպես ասած, երազանքները նպատակ դարձնելու, և, ի վերջո, դրանք իրագործելու բնավորություն: Հարազատ ֆակուլտետում ստացած հիմնային գիտելիքներս փոխանցում եմ երեխաներին ու նրանց մեջ սերմանում ակադեմիական կրթություն ստանալու կարևորության գիտակցումը: Այդպիսով ես ամեն օր մոտենում եմ իմ երազանքների իրականացմանը:
Աշխատանքների պլանավորման գործում ինքնուրույնությունս թերևս պայմանավորված է նրանով, որ մինչ համալսարան ընդունվելը բազմիցս մասնակցել եմ կամավորական աշխատանքների, դասընթացների, ծրագրերի, դասավանդել եմ մարզերի դպրոցներում:
Սիրում եմ միաժամանակ մի քանի բանով զբաղվել:
Սովորելուն, աշխատելուն ու դասավանդելուն զուգահեռ՝ գիտական գործունեություն եմ ծավալում: Այնուամենայնիվ, իմ ունեցածն ինձ չի բավարարում․ միշտ ձգտում եմ ավելիին՝ նաև գիտության մեջ նպաստ ունենալու համար:
Հավատում եմ, որ յուրաքանչյուրիս կատարած փոքր գործն աշխարհն ավելի լավը կդարձնի:
Հաջողություններս կապում եմ ամենօրյա, անտրտունջ, առանց ընկճվելու և հոգնելու՝ աշխատանք կատարելու հետ: Ինձ առաջ են մղում միտքս ու երևակայությունս. երբ ինչ-որ բան պարզորոշ պատկերացնում եմ, կյանքում ավելի հեշտ է ստացվում մտածածս կյանքի կոչելը: Վստահ եմ՝ հաջողության հասնելու և ցանկալի արդյունք գրանցելու համար պետք է սիրել սեփական աշխատանքը։
Կարինե Հովհաննիսյան