- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Դեկտեմբեր 07, 2022 | 16:07
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ պատվիրակությունը մասնակցել է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիայի Թագավորություն) տեղի ունեցած «Գեոտեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները պատմամշակութային ժառանգության արժեքների վիճակի գնահատման և պահպանման մեջ» թեմայով քննարկմանը, որի ժամանակ ներկայացվել են մի շարք երկրների մշակութային ժառանգությանը վերաբերող տարաբնույթ զեկուցումներ:
ԵՊՀ պատվիրակության կազմում եղել են աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արտակ Փիլոյանը և միջազգային համագործակցության դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ Արսեն Ապրոյանը։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այսօրինակ քննարկումների դերին ու կարևորությանը, նշեց, որ դրանք կազմակերպվում են միջազգային սերտ համագործակցության շրջանակում:
«Հայաստանի համար մեծ նշանակություն ունեն մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջոցառումները: Այս առումով կարևոր է լսել եվրոպական երկրների ներկայացուցիչների զեկուցումները, որոնցում մատնանշվում են այդ միջոցառումների իրագործմանն ուղղված տարատեսակ քայլեր: Ուշագրավ է, որ Իսպանիայի ներկայացուցիչները կատարել էին տեղի մշակութային ժառանգության ուսումնասիրություն՝ անդրադառնալով անուշադրության մատնված կարևոր կառույցների վերականգնմանն ուղղված աշխատանքներին»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Անդրադառնալով Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերին և այդ գործում ֆակուլտետի ունեցած դերին՝ դեկանը փաստեց. «Հատկանշական է, որ բոլորովին վերջերս ֆակուլտետը ձեռք է բերել նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրելու մշակութային ժառանգության տարածքն ու հիմքերը, գնահատելու ներկա վիճակն ու կանխատեսելու դրանց ապահովությունը, օրինակ՝ երկրաշարժի ժամանակ»:
Մ. Գրիգորյանը կարևորեց նաև ֆակուլտետի՝ աշխարհի տարբեր երկրների բուհերի հետ ունեցած սերտ համագործակցությունը՝ հավաստիացնելով, որ փոխգործակցության շրջանակում կազմակերպված այցերն ու միջոցառումները նպաստում են ուսանողների և՛ մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, և՛ աշխարհը յուրօրինակ մոտեցմամբ ճանաչելուն:
«Ֆակուլտետը մշտապես համագործակցում է միջազգային բուհերի հետ, համալսարան են ժամանում ոլորտի լավագույն մասնագետներ, կարդում արդիական թեմաներով դասախոսություններ: Սրանից զատ՝ ունենք նաև գործակցության պայմանագրեր, որոնց շրջանակում օտարերկրյա ուսանողները ԵՊՀ-ում են անցնում պրակտիկա, և հակառակը՝ մեր ֆակուլտետի ուսանողներն արտերկրի համալսարաններում են անցնում իրենց պրակտիկան: Վստահաբար կարող եմ ասել՝ սա ուսանողներին ընձեռված լավագույն հնարավորություններից է»,- շեշտեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանը:
Նշենք, որ քննարկումը տեղի է ունեցել «Էրազմուս+»-ի «GeoTAK» ծրագրի շրջանակում: