- Գլխավոր
- Նորություններ
- «ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱԿԱՅԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԲԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ». ՐԱՖՖԻ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Փետրվար 21, 2023 | 11:51
Կրթություն
Գիտություն
«ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱԿԱՅԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԲԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ». ՐԱՖՖԻ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
-Էմանուել Շարպենտիե, գենոմային խմբագրման հեշտ հասանելիությունն ի՞նչ ռիսկեր է առաջ բերում։ Այս հարցն ամիսներ առաջ Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպետիեին տվեց մի ուսանող՝ մյուս ներկաների մոտ ևս առաջացնելով պատասխանն իմանալու ցանկություն: Գիտնականի դեմքի արտահայտությունն այդ ժամանակ հուշեց, որ հիացած է տղայի մտածողությամբ:
Հարց տվողը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի բնագիտական ոլորտում բակալավրի կրթական ծրագրով հաղթող ճանաչված Րաֆֆի Շահմուրադյանն էր, որին գիտությունների հատման խաչմերուկում գրավել է տարբեր սարքերով (մանրադիտակ, ՊՇՌ սարքեր, մանրէաբանական ասեղներ և այլն) կենսաբանական համակարգերի քիմիական հիմքերն ուսումնասիրելը:
Մանրադիտակից այն կողմ՝ դեպի գիտություն տանող ճանապարհին…
Դեռ չորս տարի առաջ ընդունվելով Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, տեսնելով դասախոսների՝ ոլորտում գրանցած հաջողությունները՝ Րաֆֆին հասկացել է՝ ֆակուլտետն այն ելակետն է, որտեղից հնարավոր է քայլ կատարել դեպի գիտություն:
Նա վստահեցնում է. «Գիտությունը երևակայելու և նոր բան ստեղծելու անսահման ազատություն է տալիս, սակայն հաճախ գիտության նոր նվաճումների կարևորությունը ոչ բոլորին է հասկանալի (օրինակ՝ պոլիէթիլենի փոխարեն բիոպլաստիկ օգտագործելու կարևորությունը), իսկ առանց դրա գիտությունը չի կարող առաջընթաց գրանցել»:
Ուրվագծելով հանրապետությունում գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում համալսարանի նշանակալի դերակատարումը՝ նա առանձնակի կարևորում է ֆակուլտետում կազմակերպվող տարբեր ձևաչափերի միջոցառումները, որոնք հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին հաղորդակից են դարձնում գիտության նորագույն նվաճումներին:
«Ըստ իս՝ գիտությունը չունի լեզու և ազգություն, ուստի այն զարգանում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում: Այս է պատճառը, որ ես ձգտում եմ գիտական հոդվածներ հրապարակել միջազգային լեզուներով…»,- ասում է նա։
Խոսելով իր գիտական գործունեությունից՝ Րաֆֆին հիմնաքարային է համարում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության դերը, որը նպաստում է ուսանողական տարիներից գիտական միտքը զարգացնելուն։
«Ներկայում աշխատում եմ շուտով լույս տեսնող մասնագիտական գրքի գլուխներից մեկի շուրջ, որի համահեղինակն եմ ես»,- ընդգծում է ԵՊՀ ուսանողը:
Անհատներ, որոնք ոգեշնչում են՝ դառնալու լավագույնը:
Րաֆֆիի հետ զրույցը հուշում է, որ ուսումնառության ընթացքում հանդիպել է այնպիսի մասնագետների, որոնք իր համար դարձել են ոգեշնչման աղբյուր: Ասում է՝ դասախոսների շնորհիվ զարգացնելով ոչ օրինաչափ մտածողությունը՝ նաև սկսել է շատ հարցերի այլ տեսանկյունից նայել, ձեռք է բերել ժամանակը արդյունավետ ու ճիշտ կառավարելու հմտություններ, և որ ամենակարևորն է՝ առավելագույնին հասնելու ձգտում:
«Եթե հասնեմ նպատակիս և դասախոսեմ հարազատ դարձած ֆակուլտետում, բացի ստացածս գիտելիքներն ուսանողներին փոխանցելուց` ձգտելու եմ նրանց համար լինել այնպիսի դասախոս, ինչպիսին իմ դասախոսներն են»,- անկեղծանում է Րաֆֆին:
Երբ հաղթանակները սահմանում են նոր նպատակներ, իսկ ԵՊՀ-ն դրանց իրականացման գործում անգնահատելի դեր է կատարում…
Դեպի հաջողություն տանող ճանապարհը այնքան էլ հեշտ չի եղել․ Րաֆֆին հանդիպել է շատ դժվարությունների, բայց ունեցել է այն գիտակցումը, որ ԵՊՀ ընձեռած հնարավորություններից օգտվելով՝ հնարավոր է հաղթահարել ցանկացած խոչընդոտ:
«ԵՊՀ-ն հնարավորություններ է ընձեռում նպատակասլաց և կամային բարձր որակներ ունեցող ուսանողներին, որոնք պատրաստ են օգտվել դրանցից»,- շեշտում է Րաֆֆին:
Ասում է՝ համալսարանում ստացած գիտելիքների շնորհիվ հաջողություններ է գրանցել նաև արտահամալսարանական հաքաթոններում, միջազգային գիտաժողովներում, մրցույթներում և այլուր։ Մրցույթում հաղթանակ գրանցելը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Նրա խոսքով՝ մրցույթների շնորհիվ հասարակությունը հնարավորություն է ունենում ճանաչելու այն երիտասարդներին, որոնք ցանկություն ու ներուժ ունեն իրենց ընտրած ոլորտում նշանակալի փոփոխություններ կատարելու, իսկ յուրաքանչյուր հաղթանակ ոգեշնչում է՝ սահմանելու նոր նպատակներ: «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթելն ու ԵՊՀ անունը բարձր պահելը դրա վառ օրինակներից է:
«Պետք է կարողանալ արդարացնել քո ուժերին հավատացող մարդկանց ակնկալիքները»,- ընդգծում է Րաֆֆին:
Եվ վերջում մեր զրուցակիցը հավելում է․ «Դեռ ամիսներ առաջ հնարավորություն ունենալով համալսարանում տեսնելու և լսելու Նոբելյան մրցանակակիրներին և նրանց հաջողության պատմությունները՝ հասկացա, որ վերջիններս մեծ բարձունքների հասել են փոքր քայլերով: Ո՞վ գիտե, գուցե այսօր գրանցած իմ փոքր հաղթանակներն ապագայի մեծ հաջողություն են կանխորոշում…»։
Մարինե Մկրտչյան