- Գլխավոր
- Նորություններ
- «ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԸՆԴՈՒՆՎԵԼԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ Է». ՍՈՆԱ ԵԳՈՐՅԱՆ
Նոյեմբեր 21, 2022 | 20:52
Կրթություն
Ուսանողական
«ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԸՆԴՈՒՆՎԵԼԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ Է». ՍՈՆԱ ԵԳՈՐՅԱՆ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներից է Սոնա Եգորյանը: Մեզ հետ զրույցում նա պատմել է մասնագիտության ընտրության, ֆարմացիայի ինստիտուտի ընձեռած հնարավորությունների, ստացած գիտելիքներն աշխատանքում կիրառելու և իր նպատակների մասին:
Պատմում է Սոնան:
Մասնագիտությանս հանդեպ սերը ձևավորվել է ուսումնառության ընթացքում, երբ բացահայտեցի ֆարմացիայի առանձնահատկությունը։
Առհասարակ մասնագիտություն ընտրելիս պետք է հաշվի առնես ընդունակություններդ, կարողություններդ և հետաքրքրություններիդ շրջանակը: Անկեղծորեն նշեմ, որ ֆարմացիայի ինստիտուտում որոշել եմ սովորել՝ առաջնորդվելով ինստիտուտում սովորող ընկերներիս բարձր գնահատականով ու դրական կարծիքով: Հինգ տարի անց վստահաբար կարող եմ ասել՝ դա իմ լավագույն որոշումն էր. այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով ես եմ մտերիմներիս խորհուրդ տալիս ընդունվել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ ընդունվելը խոստումնալից ապագայի երաշխիքներից է:
Ինստիտուտը հնարավորությունների լայն շրջանակ է ստեղծում, և այն ավարտելով՝ դառնում ես պահանջված և մրցունակ մասնագետ: Սովորելով այստեղ՝ ձեռք ես բերում Հայաստանում արդիական ոլորտի՝ դեղագործության վերաբերյալ գիտելիքների մեծ պաշար, հնարավոր դարձնում դեղերի շուկայում շրջանառվող մի շարք խնդիրների լուծումներ և այլն: Այս ամենից զատ՝ ինստիտուտում գործում են Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիան և Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնը, ինչպես նաև առկա է դեղատան մոդել։ Ստեղծված պայմանները հնարավորություն են տալիս ուսանողներին ունենալու համակողմանի գիտելիքներ դեղերի որակի վերահսկողության և ապահովման մասին, ուսման պրոցեսին զուգընթաց՝ իրականացնելու հետազոտական տարբեր աշխատանքներ, և, իհարկե, ծանոթանալու դեղատան գործունեությանը։
Ընդունվելով ԵՊՀ՝ քայլ առ քայլ մոտենում ես սահմանածդ նպատակների իրագործմանը:
ԵՊՀ-ն ընձեռում է այնպիսի հնարավորություններ, որոնք նպաստում են ուսանողների բազմակողմանի զարգացմանը: ԵՊՀ ընդունվելուց առաջ հիմնական նպատակս էր իմ մասնագիտությամբ աշխատելը. դա այսօր իրականություն է։
Ֆարմացիայի ինստիտուտի համագործակցության լայն շրջանակը նպաստում է ուսանողների՝ աշխատաշուկա հեշտությամբ մուտք գործելուն:
Ինստիտուտն իր գործունեությամբ նպաստում է, որ ուսանողները գտնեն իրենց արժանի տեղը և ունենան մեծ առաջխաղացում մասնագիտական ոլորտում: Դեղատների ցանցերի հետ գործընկերային հարաբերությունները, որոնց շրջանակում պրակտիկա ենք անցնում տարբեր դեղատներում, ևս նպաստում են մեր մասնագիտական աճին։
Հույս ունեմ՝ իմ գործունեությամբ կնպաստեմ ԵՊՀ զարգացմանն ու առաջընթացին:
Նպատակներիցս է մագիստրոսական կրթությունս ավարտելուց հետո, աշխատանքին զուգահեռ, ուսումս շարունակել ասպիրանտուրայում:
Մարինե Մկրտչյան