- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԷԱՊԵՍ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ». ՏԱԹԵՎ ՆԱԶԱՐՅԱՆ
Դեկտեմբեր 26, 2022 | 16:17
Կրթություն
Գիտություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԷԱՊԵՍ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆԸ». ՏԱԹԵՎ ՆԱԶԱՐՅԱՆ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Տաթև Նազարյանը նպատակ ունի գաստրոթափոնների օգտագործմամբ զգալիորեն նվազեցնելու բնական ռեսուրսների ծախսը: Տաթևի պատմությունը հնարավորություն կտա պարզելու, թե ինչպես կարելի է վերամշակող արդյունաբերությունից ստացվող արտադրանքով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև պատկերացում կտա էկոկաշի ստանալու, այդ հարցում ԵՊՀ դերի և համալսարանում երիտասարդ գիտնականների նոր գաղափարների կյանքի կոչման մասին:
Նախքան համալսարան ընդունվելը Տաթևը տատանվել է մասնագիտության ընտրության հարցում՝ չկողմնորոշվելով դառնալ բժի՞շկ, թե՞ կենսաբան: Նա ի վերջո ընտրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:
«ԵՊՀ-ն աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններով ապահովող համալսարան է: Հիմա, երբ արդեն 3 տարի է, ինչ համալսարանական եմ, հասկանում եմ, որ անգամ ուսանողական տարիներից հնարավոր է ոլորտում մեծ հաջողությունների հասնել: Վստահաբար կարող եմ ասել՝ համալսարանն ուսանողին զարգանալու և ինքնակատարելագործվելու շատ մեծ հնարավորություններ է տալիս»,- նշում է Տաթևը:
Նշենք, որ Տաթևը ճանաչվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) կազմակերպած նախագծի հաղթող: Նրա խոսքով՝ այդ հաղթանակին նպաստել են հատկապես ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ. Աննա Փոլադյանի տված խորհուրդներն ու նրա ոգևորիչ խոսքերը: Խոսելով իր հաջողություններից` Տաթևն ասում է` մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերման հարցում ֆակուլտետի աշխատողներից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել:
Տաթևի ներկայացրած ծրագրի նպատակը եղել է գաստրոթափոնների վերամշակումից էկոկաշի ստանալը, որը, ըստ ծրագրի հեղինակի, նպաստելու է նաև շրջանաձև տնտեսության զարգացմանը, ինչի շնորհիվ էլ առավելագույնի է հասցվելու տարբեր իրերի վերաշրջանառությունը։
«Սրա շնորհիվ հնարավորություն է ընձեռվելու ձեռք բերելու արտերկրից Հայաստան ներկրված կաշիներից տասն անգամ ավելի թեթև և դրանց այժմյան արժեքից շուրջ 40%-ով ավելի մատչելի կաշի»,- էկոկաշվի առավելությունների մասին մեծ ոգևորությամբ պատմում է Տաթևը:
Անդրադառնալով այս ծրագրի ստեղծման գաղափարին՝ Տաթևը հիշում է. «Ինձ մշտապես հետաքրքրել է, թե ինչպես կարելի է հարմարավետ կոշիկներ ստանալ: Իմ պատկերացմամբ՝ դա հնարավոր կլինի ապահովել, եթե կոշիկները թեթև ու ճկուն կաշվից կարված լինեն: Երկար մտորումներից հետո հասկացա, որ նմանօրինակ արտադրանքի ստեղծողը ինքս կարող եմ լինել: Արդեն ժամանակն էր խնդիրը լուծել գիտական ճանապարհով: Եվ ձեռնամուխ եղա այդ գաղափարի իրագործմանը»:
- Երրորդկուրսեցու համար դժվար չէ՞ միայնակ անցնել այդ ճանապարհը,- հարցնում եմ:
- Դժվար կլիներ, եթե միայնակ լինեի,- ժպիտով պատասխանում է Տաթևն ու հավելում. «Իմ գաղափարն իրագործելու համար ձևավորվել է թիմ, որտեղ առանձնահատուկ է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Հռիփսիմե Պետրոսյանի ներգրավվածությունը»:
Տաթևը վստահեցնում է` թիմում երիտասարդ գիտնական տեսնելն իսկապես ոգևորիչ է:
Ամփոփելով խոսքը՝ Տաթևը նշում է . «Ընդունվելով համալսարան՝ կոտրվեց այն կարծրատիպը, որ գիտնական դառնալու համար պետք է ունենալ պատկառելի տարիք: ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ավագ կուրսերի ուսանողների և ասպիրանտների հաջողությունները փաստում են, որ համալսարանն էապես նպաստում է գիտական ոլորտում նոր կադրերի ձևավորմանը»:
Մարինե Մկրտչյան