- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՏԱԼԵՐԵՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՆՄԱՆ ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ԼԵԶՈՒ Է»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
Հոկտեմբեր 20, 2022 | 16:53
«ԻՏԱԼԵՐԵՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՆՄԱՆ ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ԼԵԶՈՒ Է»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Հայ երիտասարդները և իտալերենը» խորագրով միջոցառում, որի ընթացքում ուսանողներն ընթերցեցին ժամանակակից իտալացի պոետների ստեղծագործություններից, հանդես եկան թատերական ներկայացմամբ ու երաժշտական համարներով:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, իտալերենով և իտալական մշակույթով հետաքրքրված պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը կարևորեց Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն երկար տարիների պատմություն ունի: Դեկանն ընդգծեց երկու երկրների նմանությունները, այդ թվում՝ երկու երկրների ժողովուրդների բնավորությունների, աշխատասիրության, ստեղծագործ բնույթի և այլ առումներով։
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն արժևորեց միջոցառումը՝ ընդգծելով, որ դա ևս նպաստում է լեզվի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
«Ուրախ եմ տեսնել մեծ թվով իտալախոս ուսանողների, որոնք հետաքրքրված են լեզվով: Իտալերենը, հայերենի նման, անչափ գեղեցիկ լեզու է: Իտալերենի հիմքը կատարյալ լեզու համարվող լատիներենն է, և շատ բառերի հիմքում հենց լատինական արմատներ են»,- ընդգծելով իտալերենի՝ որպես մշտապես հետաքրքրություն առաջացնող լեզվի դերը՝ ասաց արտակարգ և լիազոր դեսպանը:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում իտալերենի հանդեպ կա մեծ հետաքրքրություն, և հատկապես լեզվի ուսուցման տեսանկյունից էական դեր ունեն այսօրինակ միջոցառումները:
Անդրադառնալով հայ երիտասարդների՝ իտալերենի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությանը՝ Հ. Բաղդասարյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի իտալերենով հետաքրքրվողների թիվը մեծացել է:
Խոսելով Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համագործակցությունից և դրա ընձեռած հնարավորություններից՝ Հ. Բաղդասարյանը փաստեց, որ դեսպանատան առաջարկած կրթական ծրագրերի միջոցով ֆակուլտետի ուսանողներին պարբերաբար հնարավորություններ են ընձեռվում Իտալիայում կրթություն ստանալու:
Ամփոփելով խոսքը՝ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչը նշեց, որ իտալերենի բաժնում աշխատում է նաև իտալերենի լեզվակիր դասախոս Օռնելա Չիրիլոն, որը մեծ դեր ունի ուսանողների բանավոր խոսքի հմտությունների զարգացման գործում: Վերջինս մեծ ջանք է ներդրել նաև սույն միջոցառման կազմակերպման հարցերում:
Հատկանշական է, որ Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում իտալական մշակույթի և իտալերենի տարածումը խթանելու նպատակով ֆակուլտետում կազմակերպվել են ևս երկու միջոցառումներ. հոկտեմբերի 5-ին՝ «Պոեզիայի թևերով» թեմայով դասախոսություն է կարդացել իտալացի հայտնի գրող, արձակագիր, արվեստագետ Կլաուդիո Պոցանին, իսկ հոկտեմբերի 12-ին՝ հայտնի գրող Ալեսիո Ռոմանոն «Իտալիայի պատմությունը իտալական գրականության երեք հայտնի գրողների մեկնաբանությամբ. Չեզարե Պավեզե, Նատալիա Գինցբուրգ, Բեպե Ֆենոլիո» թեմայով:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Աշխարհում իտալերենի 22-րդ շաբաթ»-ի շրջանակում։