- Գլխավոր
- Նորություններ
- ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑ
Փետրվար 16, 2023 | 14:24
Կրթություն
Գիտություն
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑ
Մարդկային գործունեության գլխավոր նախապայմաններից է ճիշտ հաղորդակցությունը, որի առանցքային բաղադրիչներից է լեզուների իմացությունը։ Ինչպես բառընտրությունը, այնպես էլ ձայնի տոնայնությունը պայմանավորում են մեր հարաբերությունները շրջապատող աշխարհի հետ և տրամադրվածությունը դրա հանդեպ։
Լեզուների իմացությունն անմիջականորեն կապված է տվյալ երկրի մշակույթին, պատմությանը, գրականությանը և առհասարակ արժեհամակարգին։
Լեզուների ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողներին տրվում են բազմաթիվ հնարավորություններ, ինչպես՝ մասնակցություն միջազգային փոխանակման ծրագրերի ու միջազգային գիտաժողովների, ծանոթություն տարբեր ժողովուրդների մշակութային առանձնահատկություններին, այնպես էլ կարիերայի առաջխաղացում, քանի որ երկու և ավելի լեզուների գերազանց իմացությունը ցանկացած մասնագետի դարձնում է աշխատաշուկայում մրցունակ։ Լեզվաբաններն այն մասնագետներն են, որոնք ներգրավված են կենսագործունեության բազմազան ոլորտներում։
Բացի վերոհիշյալ առավելություններից՝ լեզուների ուսումնասիրությունը նպաստում է մարդու ուղեղի զարգացմանը, այդ թվում՝ հիշողության բարելավմանը, խնդիրների արդյունավետ լուծմանը, արագ կողմնորոշմանն ու որոշումների կայացմանը։ Այսօրինակ կարողություններն ու հմտություններն օժանդակում են ակադեմիական ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալելուն։
Ինչպես ասում են, քանի լեզու գիտես, այնքան մարդ ես․ հենց այս «կանոնով» են առաջնորդվում ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մասնագետները՝ զարգացնելով ուսանողների ոչ միայն լեզվական կարողությունները, այլև ընդլայնելով աշխարհընկալումն ու տալով նոր գիտելիքներ տվյալ լեզվի և լեզվակիրների վերաբերյալ։
Ուսումնասիրվող հիմնական լեզվին զուգահեռ՝ ֆակուլտետի ուսանողները հավասարապես սովորում են նաև երկրորդ օտար լեզու և կատարելագործում մասնագիտական հմտությունները։
Դեռևս սովորելու տարիներից ուսանողները հնարավորություն են ստանում պրակտիկա անցնելու և աշխատելու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հայաստանյան գրասենյակներում, դեսպանատներում, նախարարություններում, նոտարական գրասենյակներում և մի շարք այլ կազմակերպություններում։
Ֆակուլտետի տված բարձրորակ գիտելիքի շնորհիվ արտասահմանյան մի շարք համալսարանների ուսանողներ գալիս են ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ և տեղի ուսանողների հետ սովորում ոչ միայն օտար լեզուներ ու զարգացնում լեզվական կարողությունները, այլև ծանոթանում ԵՊՀ կրթական ծրագրերին։
Հաջորդ՝ 2023-2024 ուսումնական տարին ֆակուլտետի համար նշանավորվելու է «Միջազգային և գործարար հաղորդակցություն» մագիստրոսական նոր ծրագրի ներդրմամբ, որը լինելու է Լիլի համալսարանի (Ֆրանսիա) հետ գործակցության շրջանակում, և ուսումնառության ավարտին տրամադրելու է կրկնակի դիպլոմ։
Հետաքրքրե՞ց, ուրեմն բաց մի՛ թող ինքնակատարելագործվելու և նոր կապեր հաստատելու հնարավորությունները։ Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան