- Գլխավոր
- Նորություններ
- ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 22, 2022 | 16:39
Կրթություն
Գիտություն
ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ռուսական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ Մոսկվայի հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան։
Հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վ․ Կոմլևան սեմինար անցկացրեց ԵՊՀ մագիստրանտների և երիտասարդ գիտնականների հետ։ Սեմինարի թեման առնչվում էր ինստիտուտի կատարած հետազոտությունների արդյունքում Հայաստանի հաղորդակցության հայեցակարգերի իմացաբանական ներուժի արդի վիճակի գնահատականին։
Այնուհետև պրոֆեսոր Կոմլևան ԵՊՀ առաջատար գիտնականներին և փորձագետներին առաջարկեց համագործակցել ինստիտուտի հետ, անցկացնել քննարկումներ պետությունների դիվանագիտական հարաբերությունների և տարաբնույթ այլ հարցերի շուրջ։
Դասախոսությանը ներկա էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, արևելագիտության ֆակուլտետների և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի առաջատար մասնագետները և այլ հյուրեր։ Վ․ Կոմլևան քննարկումներ անցկացրեց նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, պրոֆեսոր Ալ․ Մարգարովի, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գ․ Պետրոսյանի և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, դոցենտ Վ․ Պետրոսյանի հետ։
Նշենք, որ ինստիտուտը 2021 թվականին կատարել է ՌԴ հարևան 14 երկրների հետ բարեկամության վարկանիշի ուսումնասիրություն և արդյունքները հանձնել հասարակության և տարբեր երկրների մասնագետների դատին։ Ըստ վարկանիշային ցուցակի՝ առաջատար դիրքում են Ղազախստանը, Բելառուսը և այլ երկրներ։ Ավարտվել է նաև 2022 թ․ հետազոտությունը, որի արդյունքները կհրապարակվեն 2023 թ․ հունվարին։
Հիշեցնենք, որ Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (Մոսկվա) հետ համագործակցության շրջանակում վերջերս ԵՊՀ-ում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում։